Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ամերիկահայ երիտասարդների «Հայ արծիվներ» ՀԿ-ն օգնում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ամուր կանգնել իրենց հողում

Ամերիկահայ երիտասարդների «Հայ արծիվներ» ՀԿ-ն օգնում է Հայաստանի 
սահմանամերձ գյուղերի բնակիչներին ամուր կանգնել իրենց հողում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ մի խումբ երիտասարդներ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդների մոտ ապրիլյան պատերազմից հետո միտք հղացավ ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանին աջակցելու համար: Նրանք քննարկել են աջակցության հնարավոր տարբերակները և եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է սահմանամերձ ընտանիքներին այնպիսի օգնություն ցուցաբերել, որից հետո նրանք հնարավորություն կունենան աշխատել, իրենց կարիքները հոգալ, իրենց վաստակով առօրյա խնդիրները լուծել: «Հայ արծիվներ» հիմնադրամի հիմնադիր Անդրանիկ Բալոյանը, ով ապրում է Գլենդելում, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում էին սահմանամերձ գյուղերի բնակիչների համար աշխատելու հնարավորություն ստեղծել:

«Դա կնպաստի, որ գյուղացիներն ամուր կանգնեն իրենց հողում, սահմանին շարունակեն ապրել, թիկունք լինեն զինվորին: Ի վերջո, Հայաստանը հենց սահմանից է սկսում: Ահա մեր այս գաղափարը կյանքի կոչելու համար որոշեցինք համագործակցել «Սահման» հասարակական կազմակերպության հետ: Մինչ այդ ես ինչ-որ չափով տեղեկացված էի կազմակերպության գործունեության մասին: Կապ հաստատելով կազմակերպության հետ` սկսեցինք աշխատանքը: Գլենդելում ֆինանսական միջոցներ հավաքագրվեցին, որոնցով էլ աջակցություն ստացան սահմանամերձ Բաղանիս գյուղի ընտանիքների բիզնես գաղափարները»,-ասաց Անդրանիկ Բալոյանը: Նա և «Հայ արծիվների» մեկ այլ ներկայացուցիչ Վահրամ Շալվարձյանը Հայաստան են եկել, այցելել սահմանամերձ գյուղեր՝ տեղում ծանոթացել կատարված աշխատանքների ընթացքին և կարիքներին:  

«Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանը նշեց, որ կազմակերպությունը Տավուշի սահմանային գյուղերում իրականացնում է տարբեր ծրագրեր՝ սկսած գյուղատնտեսականից, վերջացրած մշակութայինով, կրթականով: Հիմնական ուղղվածությունը հենց հայ-ադրբեջանական սահմանի գյուղերն են, տեղի բնակիչների հետ աշխատանքը:

«Հիմնականում աշխատում ենք ընտանիքների հետ, աշխատանքները սկսել ենք ջերմոցային տնտեսություններ հիմնելով, մեղվապահության ծրագրեր իրականացնելով, հիմա փոքր ընտանեկան բիզնեսի աջակցման մոդելն է կիրառվում: Իրականացվում է փոքր բիզնեսի ֆինանսավորում, որը կապահովի ընտանիքի եկամուտը, կդառնա նրա հիմնական զբաղմունքը»,-ասաց Անահիտ Նազարյանը:

Նախ` հայտարարվում է բիզնես գաղափարներ ֆինանսավորելու մասին, որից հետո գյուղացիներն իրենց գաղափարները ներկայացնում են: Կազմակերպությունը դրանք գնահատում է, փորձում է հասկանալ, թե շուկայում, դրանցից քանիսն իր տեղը կունենա, ըստ դրա էլ որոշվում է, թե որ ծրագրերին պետք է աջակցել: 

Կազմակերպությունը աշխատանքները սկսել է Բերքաբեր համայնքից, այնտեղ GIZ-ի ֆինանսավորմամբ  6 բիզնես ծրագիր է աջակցություն ստացել՝ չորացած ձկան արտադրություն, ջերմոցային տնտեսություն, բիոհումուսի արտադրություն, կերաղացի ծառայության մատուցում և այլն:

Բաղանիս համայնքում «Հայ արծիվներ» հիմնադրամի հետ իրականցվում է 5 բիզնես ծրագիր: Ներկայում գործի է դրվել կարի արտադրամասը, գաղափարի հեղինակը երիտասարդ աղջիկ է, նրա բիզնեսը հաջողությամբ արդեն գործում է, ունի պատվերներ: Ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:

«Մեկը փխրեցման աշխատանքներն են, մյուսը՝ խոտհունձը: Ինչու փխրեցման, խոտհունձի ծառայությունները, որովհետև սահմանային գյուղերը հողը մշակելու խնդիր ունեն, նրանք կրակոցի տակ են: Դրա համար իրենց համար կարևոր է ունեցած հողատարածքները մշակելը: Այն հողատարածքները, որոնք թեքության վրա են, այնտեղ սովորական մեծ մեխանիզմով դժվարանում են աշխատել: Այդ իսկ պատճառով տրամադրվել է համապատասխան սարքավորում, որով հնարավոր է թեքության տարածքները ևս մշակել»,-ասաց նա: Հաջորդ ծրագիրը ձկան խանութ հիմնելն է, այն հաջողությամբ աշխատելու դեպքում նախատեսվում է փոքր ձկնաբուծարան ևս հիմնել:

Անահիտ Նազարյանը նկատեց, որ առհասարակ բոլոր բիզնես գաղափարներին աջակցում են միայն սարքավորումների տեսքով, ֆինանսական միջոցներ չեն տրամադրում: Եթե տվյալ անձն իր պարտավորությունները կատարում է, ապա դրանից հետո սարքավորումը նվիրատվության տեսքով տրվում է տվյալ անձին: Մեկ տարվա ընթացքում շարունակելու են աշխատել բիզնես գաղափարների հեղինակների հետ, եթե պետք լինի, ապա հաշվապահական, մարկետինգային վերապատրաստում կանցկացվի:

Անդրանիկ Բալոյանը տեղեկացրեց, որ նոր են Բաղանիսից վերադարձել, տեղում ծանոթացել իրականացրած աշխատանքին:

«Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանց մոտ հույս է առաջանում վաղվա օրվա նկատմամբ, որ կարող են աշխատել, իրենց գործն ունենալ: Գյուղացիների ոգևորությունից մենք նույնպես ոգևորվեցինք: Հասկանում ենք՝ եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասաց Անդրանիկ Բալոյանը:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են շարունակել համագործակցությունը «Սահման» կազմակերպության հետ: Գլենդել վերադառնալուն պես նախատեսում են արված աշխատանքի արդյունքներն այնտեղ ներկայացնել: Անդրանիկ Բալոյանը վստահ է, որ այդ ամենը տեսնելով, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]