Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

19-ից 20-րդ դարերի հայկական արծաթյա գոտիներն ու սպասքը ներկայացվեցին հանրությանը

19-ից  20-րդ դարերի հայկական արծաթյա գոտիներն ու սպասքը ներկայացվեցին 
հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծաթյա հայկական գեղեցիկ գոտիները, բաժակները և սպասքի այլ պարագաները, որոնք պատկանում են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»-ին ցուցադրվեցին հուլիսի  19-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում: Ներկայացվեց գործակալության ազգային պահուստի պատմամշակութային արժեքների 51 նմուշ:

 «Գանձարանը փոխեց իր աշխատաոճը, և մենք որոշեցինք մեր ցուցանմուշները տարբեր թանգարանների միջոցով ներկայացնել մեր համաքաղաքացիներին: Սա  երրորդ ցուցահանդեսն է: Առաջինը կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում էր, որը մեծ արձագանք ստացավ: Այնտեղ ներկայացվեցին հարյուրից ավելի ոսկյա մետաղադրամներ, գեղարվեստական արժեք ունեցող մշակութային իրեր: Այնուհետև Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրեցինք զանազան գոտիներ, վզնոցներ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց գործակալության պետ Վահե Առաքելյանը:

Նրա խոսքով` շուտով ՀՀ ֆինանսների նախարարության նախամուտքում բացվելու է թանգարանային անկյուն, որտեղ պարբերաբար կներկայացվեն գանձարանի ցուցանմուշները: Գանձարանի իրերը ներկայումս լուսանկարվում են: Նկարները կտեղադրվեն ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

«Հին Եգիպտոսի սահմանամերձ հատվածներում արծաթե արձաններ էին տեղադրվում բարբարոս ցեղերից պաշտպանվելու համար, Հունաստանում արծաթը լուսնի աստվածուհու խորհրդանիշն էր, տոտեմական համակարգում այն խափանում էր չարքը, չինացիների և ճապոնացիների համար արծաթը մաքրության, լույսի, ճարտասանության խորհրդանիշն է, մեր երեք  նախագահներն էլ երդվել են Մատենադարանում պահվող արծաթե կազմով գրքի վրա, ուստի մենք շատ ուրախ ենք, որ նման արժեքավոր ցուցանմուշները ներկայացվում են մեր թանգարանում»,-ասաց թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ: Ցուցադրված էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին պատրաստված հայկական գոտիներ, որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների` Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Ցուցադրված էին նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ, որոնք պատրաստել են հայ վարպետները, ինչպես նաև գործարանային արտադրության սպասք:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]