Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց ձորի վանական համալիրների հուշարձանների վերականգնման համար նախագծեր են մշակվում

Վայոց ձորի վանական համալիրների հուշարձանների վերականգնման համար նախագծեր են մշակվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նոր և արդյունավետ ծրագրեր է կազմում ՀՀ մարզերում, մասնավորապես Վայոց ձորում գտնվող վանական համալիրների հուշարձանները բարեկարգելու համար: Նախագծանախահաշվային փաստաթղթեր են կազմվել Ցախաց քար վանական համալիրի հուշարձանախմբի վերականգնման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի գլխավորած մասնագիտական խումբը այդ նպատակով նախորդ շաբաթ Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ մեկնել է Վայոց ձոր ուսումնասիրելու արվածն ու անելիքը։

Հարցը հուլիսի սկզբին նախարարի առջև բարձրացրել էր Արտաբույնքից (նախկինում՝ Եղեգիս) պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում՝ կառավարության ներկայացուցիչների առջև։

Նախարարն Արմեն Աբրոյանին հանձնարարել էր համալիր այցելել պատգամավորի և համայնքի ղեկավարի հետ։

Աբրոյանը նախարարին փոխանցեց, որ պատգամավոր Բագրատյանի դժգոհության հիմնական երեք հարց է քննարկման առնվել տեղում ՝ համալիր տանող ճանապարհի բացակայություն, համալիրի վերականգնված հուշարձանախմբում՝ «կոպիտ» աշխատանք, չվերականգնված հուշարձանախումբ։ Գործակալության պետը նախարարին զեկուցեց այս երեք հարցերով ուսումնասիրության արդյունքը։

Ճանապարհի կառուցում. սա մշակույթի նախարարության գործառույթներից չէ։ Ամեն դեպքում, 2008 թվականին նաև ճանապարհի նախագիծն է կազմվել, որը ցանկացած պահի կտրամադրվի՝ եթե անհրաժեշտ ֆինանսավորում գտնվի շինարարության համար։ Պատգամավոր Բագրատյանն իր միջոցներով տեխնիկա է փոխադրել, լայնացրել և մասամբ կանոնակարգել ճանապարհի հատվածը։

Վերականգնված հուշարձանախմբի «կոպիտ» աշխատանք. «Մասնագիտորեն փորձել եմ բացատրել, որ արդարացված է մեթոդապես փոքր-ինչ տարբերակումը, որպեսզի պահպանվի վերականգնման շերտագրությունը։ Որակի ոչ մեծ խնդիրներ կային, որոնք, ամեն դեպքում, հուշարձանն աղճատող որևէ հետևանք չեն ունեցել»,-ասաց Աբրոյանը։

Չվերականգնված հուշարձանախումբ. «Այդ խումբն էլ ամբողջովին վերականգնելու նախագիծը կա։ Սակայն նման ֆինանսական միջոցներ չունենալու պարագայում

(վերականգնման աշխատանքի մեր ամբողջ տարվա բյուջեն անգամ չի բավարարի) առաջարկում ենք և պատրաստ ենք մշակել այն ու դարձնել ամրակայման նախագիծ։ Պահանջվող գումարը կարելի է հայթայթել մասնավոր ներդրումների միջոցով։ Գուցե համայնքն այդ նպատակով հիմնադրա՞մ ստեղծի։ Կամ գուցե հնարավոր բարերարներին առաջարկվի փոքր-փոքր ներդրումներով լուծել որևէ առանձին դրվագ վերանորոգելու հարցը. օրինակ, եկեղեցիներից մեկի դուռը»։

Արմեն Աբրոյանի առաջարկն է՝ վերականգնված երկու եկեղեցիները հանձնել Մայր աթոռ Ս.Էջմիածնի օգտագործմանը, իսկ երրորդը պահպանել որպես մշակութային արժեք, որի վերին հատվածներում (ամրակայումից հետո, հնագիտական շերտերն ապահով պահելով) արշավականները կարող են անգամ վրաններ խփել։

Նախարար Արմեն Ամիրյանը գործուղման արդյունքից գոհ է, առաջարկները համարեց ընդունելի։

ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2012 թվականներին պետական միջոցներով (մոտ 100 մլն դրամ) վերականգնել է Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում գտնվող Ցախաց քար վանական համալիրի Ս.Նշան և Ս.Կարապետ եկեղեցիները, կառուցել ջրահեռացման հենապատ և բետոնաքարե արահետներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]