Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երբ երեխայի մոտ ուռուցք եք կասկածում

Երբ երեխայի մոտ ուռուցք եք կասկածում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարի առաջ էր, երբ մեր կլինիկա բերեցին մի պայծառ երեխայի ծնկի ահռելի ուռուցքով: Առաջին գանգատներն առաջացել էին ամիսներ առաջ, սակայն երեխան այդպես էլ մասնագիտացված բուժում չէր ստացել, և հիմնականում եղել էր հեքիմների մոտ: Իսկ այդ ժամանակահատվածում ուռուցքը հասցրել էր տարածվել ողջ օրգանիզմով, ինչը, բնականաբար, ազդելու էր նաև հետագա պրոգնոզի վրա:

Մանկական ոսկրային ուռուցքների դեպքում, երբ ուռուցքը տեղային է և դեռ չի հասցրել տարածվել, մոտ 70% դեպքերում հնարավոր է լինում բուժել երեխային, սակայն երբ ուռուցքը տալիս է մետաստազներ, այսինքն՝ տարածվում է այլ օրգաններ և հյուսվածքներ, այդ շանսերը կտրուկ նվազում են՝ հասնելով 20-30%-ի: Սա է պատճառը, որ ուռուցքների դեպքում վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, և այդ «ոսկյա ժամանակն» է կանխորոշում հետագա կյանքի հարցը:

Ընդհանրապես, տարբերում են ուշ ախտորոշման երկու հիմնական հատված՝ մինչ առողջապահական որևէ օղակ դիմելը, և առողջապահական հաստատություն դիմելուց հետո: Առողջապահական հաստատություն դիմելուց հետո ախտորոշման ուշացման պատճառները հիմնականում պայմանավորված են առողջապահական համակարգի թերզարգացվածությամբ և այդ հարցերով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները, մինչդեռ մինչ առողջապահական հաստատություն դիմելը տեղի ունեցող ուշացման պատճառների ուսումնասիրությունը լուրջ կարևորություն և մանրամասն քննարկման կարիք ունի: Այստեղ քննարկենք առավել հաճախ հանդիպող մի քանի տարբերակներ, որոնք, հուսով եմ կօգնեն ծնողներին ավելի ուշադիր լինել և նպաստել ուռուցքների վաղ ախտորոշմանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական քաղցկեղի ախտորոշման ուշացմանը կարող են նպաստել ծնողների կրթական մակարդակը, տարիքը, սոցիալական վիճակը, ընտանեկան կարգավիճակը: Երբ երեխան դեռ փոքր տարիքի է և ունակ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, այս գործոններն առավել նշանակալի են: Օրինակ, վերը նշված դեպքում, երբ երեխայի մոտ ծնկի գոյացություն էր առաջացել, ինչի հետևանքով երեխան ունեցել էր սուր ցավեր, չէր կարողացել քայլել, բժշկի դիմելու փոխարեն ծնողներն ընկել էին հեքիմների դռները, ինչն էլ բերել էր ուռուցքի տարածմանը:

Հազվադեպ չեն նաև դեպքերը, երբ ծնողներն ուղղակի ուշադրություն չեն դարձնում երեխայի գանգատներին, և, դեռ ավելին, նաև նախատում են: Օրինակ, երեխան գանգատվում է գլխացավերից կամ տեսողության վատացումից, իսկ նրան ասում են՝ մեր ցեղում ոչ մեկ տեսողության խնդիր չի ունեցել, դու ինչու պիտի ունենաս: Այնինչ, իրականում, երեխայի մոտ ուռուցք է լինում: Լինում են նաև դեպքեր, երբ երեխան ունենում է հիշողության վատացում, կամ դպրոցում առաջադիմության անկում: Այս ամենը բնավ չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների մեջ ընկնել, և երեխայի ամեն գլխացավի դեպքում ուռուցք կասկածել, սակայն և երեխայի գանգատները ևս աչքաթող պետք չէ անել, և նվազագույն կասկածի դեպքում դիմել մասնագետներին:

Պատանեկան տարիքում, երբ երեխան արդեն ավելի հասուն է և որոշակի ինքնուրույնություն է սկսում ձեռք բերել, նրա մոտ կարող են առաջանալ խնդիրներ, սակայն նա այդ ամենը կարող է թաքուն պահել ծնողներից: Այս հոդվածը, հույս ունեմ կարդում են նաև պատանիները, այդ պատճառով կուզեմ հիշեն, որ իրենց ճակատագիրն իրենց իսկ ձեռքերում է, գանգատները թաքցնելով իրենք իրենց են վնասում, և մի հիվանդություն, որ հնարավոր կլիներ սկզբնական շրջանում շատ ավելի հեշտ հաղթահարել, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվարանալու է այդ խնդիրը:

Շատ ծնողներ վախենում են երեխային բժշկի տանել՝ մտածելով ֆինանսական ծախսերի մասին, սակայն պարտավոր եմ նշել, որ շնորհիվ բարեգործական հիմնադրամների և տարբեր անհատների, որպես կանոն, մի միջոց գտնվում է և երեխան չի մնում առանց ախտորոշման կամ բուժման:

Եվ վերջում, պետք է հիշել, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն հիվանդություն է, որը պետք է հաղթահարել: Ճիշտ է, ցավոք, ոչ միշտ ենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի, սակայն բարեհաջող դեպքերն էլ քիչ չեն և հույսը երբեք պետք չէ կորցնել…

Գևորգ Ն. Թամամյան
Բժշկական գիտությունների թեկնածու, գիտությունների մագիստրոս

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս

Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս

ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]