1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թումանյանական հերոսների քանդակները նոր երանգ կհաղորդեն Դսեղում Թումանյանի տուն-թանգարանին

Թումանյանական հերոսների քանդակները նոր երանգ կհաղորդեն Դսեղում Թումանյանի տուն-թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ տասներկու քարե և տասը փայտե յուրահատուկ քանդակները, որոնց կերպարները Թումանյանի ստեղծագործությունների հայտնի հերոսներն են` Անուշը, Սարոն, Գիքորը, Քաջ Նազարը և այլք, զարդարելու են Դսեղի կենտրոնական հատվածը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի տարածքը:  Լրագրողները քանդակները տեսնելու և դրանց հեղինակների հետ ծանոթանալու հնարավորություն ունեցան հուլիսի 17-ին Դսեղում:

«Քանդակների հեղինակները երիտասարդ ստեղծագործողներ են ՀՀ տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից: Բոլոր կերպարները Թումանյանական հերոսներ են, և դրանք տեղադրվելու են Դսեղի կենտրոնական շրջանաձև այգում, տուն-թանգարանում Դսեղն ավելի աշխուժացնելու և տարածքը գեղեցկացնելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով`թանգարանի տարածքի հատված ծառերը, որոնք վտանգ են ներկայացրել կառույցի համար հատվել են, և դրանց բներն օգտագործվել են փայտե քանդակների համար:

«Զարմանալի հեքիաթային մթնոլորտ է ստեղծվել, և մարդը ցանկանում է երկար մնալ այստեղ: Կարծում եմ, որ քանդակները նոր շունչ կտան թանգարանին, համայնքին»,-շեշտեց Ամիրյանը և հավելեց, որ նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ մեծերի թանգարանների տարածքում:

 Փայտե քանդակներից մի քանիսի հեղինակ Սերգեյ Աբովյանն ասաց, որ հեքիաթների հերոսներին փոքրիկներ շատ են սիրում: «Դեռ աշխատանքն ընթացքում էր, բայց նրանք գալիս ու զարմանքով, սիրով հետևում էին մեզ: Ինձ համար մեծ պատիվ է, որ մեծանուն գրողի տուն-թանգարանի տարածքում իմ գործերն են տեղադրվելու, անչափ ուրախ եմ այդ կապակցությամբ»,-նշեց Սերգեյը, որն ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան:

Նույն ակադեմիայում կրթված քանդակագործ Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ  փայտե արձանները մուլտիպլիկացիոն տեսք ունենք, քանի որ թանգարանի այցելուների մեջ շատ են փոքրիկները, ու նրանց հետաքրքրելը անհրաժեշտ էր: «Սիմպոզիումի մրցույթի մասին լսելով` էսքիզներ ուղարկեցինք: Բնականաբար հաճելի է, որ մեր ստեղծագործություններն են այստեղ տեղադրվելու: Ներկայումս վեց քանդակ կա և ևս չորսը պետք է տեղադրվեն: Բոլոր գործերը պետք է պատրաստ լինեն մեկ ամսվա ընթացքում»,-շեշտեց Նարեկը:

Արցախի Մարտունու շրջանից Հայաստան եկած, Երևանի գեղարվեստի ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանող Մուշեղ Մուսայելյանը շեշտեց, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ է մասնակցել սիմպոզիումին: Նա քանդակել է Սարոյին և Անուշին: «Ընտրեցի Թումանյանի Անուշը պոեմը, քանի որ այն  շատ մոտ է իրականությանը: Փորձել եմ քարի մեջ արտացոլել Անուշը պոեմի բովանդակությունն իմ պատկերացմամբ և ընկալմամբ»,-ընդգծեց Մուշեղը:

Նրա ընկերներն ասացին, որ Մուշեղը չի օգտագործում ժամանակակից միջոցներ քանդակը կերտելիս: Երիտասարդը բացատրեց, որ նախընտրում է ավելի աշխատատար գործիքներ, քանի որ դրանք արհեստական չեն:

Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի քանդակի բաժնի երկրորդ կուրսում սովորող Սուրեն Գրիգորյանի խոսքով` ինքը կերտել է Գիքորին, քանի որ իր համար ավելի հասանելի, ավելի հուզիչ կերպար չկա: «Ցանկանում եմ իմ ստեղծագործությամբ պատկերել ոչ միայն Թումանյանի Գիքորին, այլև մեր օրերում ապրող բոլոր Գիքորներին, որոնք, ավաղ քիչ չեն»,-ասաց նա:

Սուրենը շեշտեց, որ մեծ ոգևորություն է ապրել, երբ իմացել է, որ անցել է: «Նախկինում աշխատել եմ կավի ու փայտի հետ. առաջին անգամ եմ գործ ունենում այս մասշտաբներով քարի հետ ու ոչ միայն դա է հաճելի, այլև այն, որ իմ առաջին խոշոր գործը տեղադրվելու է Դսեղում և հասանելի է լինելու հանրությանը»,-եզրափակեց նա:

Սիմպոզիումը նախարարությունը կազմակերպել է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ։ Մրցույթի մասնակիցների առաջադրանքն է՝ կերտել Թումանյանի ստեղծագործությունների հերոսների։ Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղում՝ բանաստեղծի ծննդավայրում: 

 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]