1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ և ՌԴ խորհրդարանների նախագահները պայմանավորվել են լուծում գտնել ՌԴ-ում հայ վարորդների աշխատանքին առնչվող հարցին

ՀՀ և ՌԴ խորհրդարանների նախագահները պայմանավորվել են լուծում գտնել ՌԴ-ում հայ վարորդների աշխատանքին առնչվող հարցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ձեռնարկեց հերթական սադրանքը. 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր: Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան: Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»:

Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:

Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:

Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ:

Կողմերը քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]