Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերենը, հայկական մշակույթն ու քաղաքական դրությունն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող եկել է Հայաստան՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Նրանք կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և իրենց երկրների միջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության  նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:

«Օտարերկրացի ուսանողների Հայաստան գալը նորություն է այս տարի: Նման ցանկություն հայտնել էին օտարերկրյա համալսարանների հայ դասախոսները նախորդ տարվա խորհրդաժողովում: Նրանք տեղեկացրել էին, որ կան բավականին շատ երիտասարդներ, որոնք ուսումնասիրում են հայերենն արտասահմանում, սակայն նրանց համար չկա որևէ ծրագիր: Առանձին ծրագիր ենք կազմել և դիմել նույն դասախոսներին, որոնք նախորդ տարի առաջարկն արել էին: Ակտիվ արձագանքել են երկուսը՝ Ռումինիայից Աիդա Մարկոսյանը և Դոնարա Մկրտչյանը՝ Սանկտ Պետերբուրգից»,-ասաց Թամարա Զալինյանը:

Նրա խոսքով՝ եկել են 6 ուսանողներ ՝4-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 2-ը՝ Ռումինիայից: Հայերենին տիրապետում են շատ թեթև, կարողանում են նաև որոշակիորեն կարդալ:  Նրանց համար կա  առանձին ուսումնական պլան, ուսումնասիրում են լեզուն, մշակույթը, քաղաքական իրավիճակը: Ծրագիրն իրականացվում է փորձնական՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով նաև ուսումնասիրել դաշտը:

Անդրեա Բարբը մեկն է այդ ուսանողներից: Անդրեան եկել է Ռումինիայից: Ծրագրի մասին լսել է համալսարանում իր հայերենի դասախոսից ՝ Աիդա Մարկոսյանից: «Սա իսկապես շատ օգտակար է, քանի որ ես սովորում են լեզվաբանություն, ինչպես նաև Հայաստանի հետաքրքիր մշակութային հարստության մասին: Ես իսկապես սիրեցի այս լեզուն, մշակույթը: Ինձ հատկապես հետաքրքրում է հնչյունաբանությունը, շատ հարուստ են հայերենի հնչյունները»,-ասաց Անդրեան ու հավելեց, որ հաջորդ անգամ նորից է գալու Հայաստան՝ խորացնելու հայերենի իր գիտելիքները:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ