Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Սուրեն Կարայանին են ներկայացվել Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-16-ը աշխատանքային այցով Սյունիքում էր՝ ծանոթանալու մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանն այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության շինհրապարակ։ Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է արտադրամասի շինարարական աշխատանքներին և քննարկել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը ձեռք է մեկնել իրենց ծրագրին և պետության կողմից տրված արտոնությունը մեծապես օգնել է ծրագրին։ Գործարարը նշել է, որ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսից՝ սկսելով պահածոների արտադրությունը։

Սուրեն Կարայանը ընթացքում այցելել է նաև Սյունիքի Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները և շինարակական աշխատանքների մանրամասները։ Նախարարը և Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները։ Սուրեն Կարայանը նաև ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին:

Նախարար Կարայանի օրակարգում էր նաև այցը Մեղրու պահածոների գործարանԳործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ արտադրամասը կրկնապատկել է արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ։ Գործարարի խոսքով՝ պետության՝ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկը և պետական սուբսիդավորումը էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել և ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը։ Գրիշա Գրիգորյանը նշել է, որ ավելացել են նաև արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքում քննարկել է նաև մարզի թեթև արդյունաբերության ներուժը։ Նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Կապանի և Խնձորեսկի թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Սուրեն Կարայանը վերջիններիս հետ քննարկել է զարգացման ծրագրերը և պետության օժանդակության ձևաչափը։ Նախարարի խոսքով՝ առկա հզորություններով միայն թեթև արդյունաբերության ոլորտում Սյունիքի մարզում հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել։ Նախարարը հավելել է, որ կառավարությունը հետամուտ կլինի մարզի թեթև  արդյունաբերության ծրագրերի խթանմանն ու զարգացմանը։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ