Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Նախագահ Սարգսյանը տեսնում է ներդրումների էական չափով ավելացման հնարավորություններ


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունում դրական տեղաշարժեր, ներդրումների ավելացման հնարավորություններ է տեսնում: Այս մասին նա նշել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում` անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը:

«Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին: Պատասխանել է այն հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահը, նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումները ամբողջությամբ չի կատարել: Խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսական աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել և չեն իրականացվել: Ո՞րն երաշխիքը, որ  նաև կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն:

«Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ. ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»,-ասել է նա:

 Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագանքել է.

 «Ո՛չ, խոստացվել է 5-7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավելին արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»,-հավելել է Նախագահ Սարգսյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ