Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 17.07.2017

Սպասվող լրահոս. 17.07.2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է 190 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 17 երկրից:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին: Հանդիպումը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Նա կներկայացնի ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում սպասվող  բարեփոխումները:

Արցախում առաջին անգամ իրականացվել է հետազոտություն գործատուների հիմնախնդիրների հետ կապված: Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը կներկայացնի հետազոտության արդեն ամփոփված արդյունքները:

Լրագրողների հետ կհանդիպեն նաև օրերս աշխատանքից ազատված ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը և դատարանի առաջին ատյանում ՍԱՊԾ դեմ հայցը շահած՝ ծառայության նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը: Նրանք կանդրադառնան ծառայությունում առկա խնդիրներին:

Ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումային գրավչությունը, արտահանման ի՞նչ հնարավորություններ ունի մեր երկիրը: Այս հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն փորձագետ Արտակ Մանուկյանը, բեռնափոխադրումների և զբոսաշրջության «ՍԱԹԻ» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը,  ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվի «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» թեմայով հանրապետական գիտաժողով: Այն նվիրված է հնագետ, վիմագրագետ, պատմաբան, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին: Զեկուցումներով հանդես կգան ճանաչված գիտնականներ՝ Մուրադ  Հասրաթյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Ֆրինա Բաբայանը և այլք:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Բագրատ Սրբազանի օրհնությամբ տեղի կունենա 2016-2017 ուս.տարվա գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողությունը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կլինի Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ նա հետևելու է քանդակի սիմպոզիումի ընթացքին։ Սիմպոզիումը նախարարությունը կազմակերպել է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ։ Մրցույթի մասնակիցների առաջադրանքն է՝ կերտել Թումանյանի ստեղծագործությունների հերոսների։ Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղում՝ բանաստեղծի ծննդավայրում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am