Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

«Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքն ավարտեց աշխատանքները


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում հուլիսի 13-ին աշխատանքներն է ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, մտավորականներ` Հայաստանից և Սփյուռքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ո՞վ է սփյուռքահայը, ի՞նչ է նշանակում հայ լինել Սփյուռքում» թեմայով վերջին նիստում զեկուցումներով հանդես են եկել Շիրազ Ճերեճյանը, Հրայր Ճեպեճյանը և Նանոր Խաչերյանը:

Շիրազ Ճերեճյանը կարևորել է վերլուծական մտքով և առարկայական մոտեցումներով առողջ քննարկումների կազմակերպումը, սփյուռքահայի՝ հայ արմատներին կառչած մնալը, Սփյուռքում Հայաստանն ու Արցախը կյանքի մասնիկը դարձնելն ու միաժամանակ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան չմոռանալը:

Հիմնվելով իր դոկտորական թեզի վրա և հաշվի առնելով Հայրենիքում հաստատված սփյուռքահայերի փորձը, գաղափարներն ու մտահոգությունները՝ Նանոր Խաչերյանն առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ցույց են տալիս, թե սփյուռքահայն ինչպես է մոտենում Հայրենիքին և հայկական իրականությանը: Նա նշել է, որ պետք է մշակել նոր մոտեցումներ՝ Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու ուղղությամբ:

Հրայր Ճեպեճյանը նշել է, որ 21-րդ դարում ինքնության պահպանության սպառնալիքները մեծաթիվ են և մշտանորոգ: Այնուամենայնիվ նա հուսադրող է համարել այն հանգամանքը, որ մշակույթի և պահանջատիրության գործոնները հայության մեջ դեռևս տիրական են և չնայած լեզվի նահանջին՝ ինքնության կանչն առկա է:

Հրաչ Գույումճյանն ընդհանուր գծերով ամփոփել է հավաքի ընթացքում արտահայտված գաղափարները ու նկատել, որ Սփյուռքի նախարարությունը և նախարարը Սփյուռքի հետ գործակցում են ոչ թե ուղղահայց, այլ հորիզոնական կապերով:

Հավաքին եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տվել տարբեր մոտեցումներով հասկանալ հայ ինքնության ներկան: Նախարարը կարևորել է ծրագրերը, որոնք իրականացվում են հային Հայրենիք բերելու ուղղությամբ:  «Աշխարհի տարբեր երկրների համայնքներում ապրող հայությունը բազմաշերտ մշակույթների կրող է և չնայած տարբերություններին՝ ունի ընհանուր գծեր, ինչպիսիք են արմատները, ազգային ինքնագիտակցությունը, Հայրենիքը, պատմությունը, Հայրենիքի հետ զգացական կապը», - նշել է նա:

Նախարարն անդրադարձել է հայ ինքնության պահպանման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կարևորել է երկու ուղղությունները՝ երիտասարդների մասնակցությամբ ձեռքբերած հաջողությունները և այն ձեռնարկները, որոնք նպաստում են համայնքային կյանքից հեռացած հայորդիներին դեպի համայնք ու Հայրենիք վերադարձնելուն: «Հայաստանը հզոր է Սփյուռքով: 2017թ. սեպտեմբերին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որի մասնակիցները մեծամասնությունը, կարծում եմ, կլինեն Սփյուռքի ակտիվ երիտասարդները», - նշել է նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը հայ ինքնության ամրապնդման առաջնահերթություններ է համարել պահանջատիրությունը, Արցախի և Հայաստանի հզորացումը: «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, կապված է հայկական արմատներին և պատրաստ է աշխատել և գործակցել Հայրենիքի հետ», - խոսքը եզրափակել է Սփյուռքի նախարարը:

Եռօրյա հավաքին փակման խոսքով հանդես է եկել Արամ Առաջին Կաթողիկոսը: Նա նշել է, որ Սփյուռքի հզորացումը ենթադրում է մեր կառույցների վերաշխուժացում, որտեղ կարևոր է հայ երիտասարդի դերը:

Արամ Առաջինը հայտարարել է, որ Կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքը Սփյուռքի համայնքներում թեմական մակարդակով կկազմակերպի հայ ինքնության պահպանման թեմայով համաժողովներ:

Եզրափակելով խոսքը՝ Կաթողիկոսն ասել է, որ անհրաժեշտ է շարունակել սկսած աշխատանքները և նոր գործնական քայլեր կատարել հայ ինքնության պահպանման ուղղությամբ:

Հավաքի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ