Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/69. «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

Երևանյան բեսթսելեր 4/69. «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքն 
ամենավաճառվածների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մեկ հորիզոնականով իր տեղը զիջել և երկրորդ տեղն է զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքրեը և հայտնվել երրորդ պատվավոր տեղում: Այն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս շաբաթ չորրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը: Այն հինգերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը վեցերորդն է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունը և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը յոթերորդ տեղում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Երկար բացակայությունից հետո կրկին մեր ցանկում է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը: Այն ութերորդ հորիզոնականն է զբաղեցրել: Այս գործի համար 1954 թ. Հեմինգուեյն արժանացել է Նոբելյան մրցանակի: Ստեղծագործությունն իսկական հեղաշրջում մտցրեց համաշխարհային գրականության մեջ: Ստեղծագործության գլխավոր հերոսը ձկնորս Սանտյագոն է` խեղճ ու միայնակ մի ծերունի, ում ճակատագիրն անմիջականորեն կապված է ծովի հետ, որն էլ ապահովում է նրա համեստ գոյությունը:

Իններորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Դյումա (որդի) «Կամելիազարդ տիկինը» վեպը, որը  ներկայանում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթիե) և երիտասարդ, ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթիեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկանում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 42
2 -1

Մարկ Արեն «Այնտեղ

որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 25
3 +2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
4 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 11
5 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 11
6 *

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ, պստլո»

Անտարես 8
7 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 8
8 *

Էռնեստ Հեմինգուեյ

«Ծերունին և ծովը»

Անտարես 8
9 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 7
10 Նոր

Ալեքսանդր Դյումա (որդի)

«Կամելիազարդ տիկինը»

Անտարես 6

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]