Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը տպավորիչ էր իր մասշտաբներով. Ալեքսեյ Շոր

 «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը տպավորիչ էր իր մասշտաբներով. Ալեքսեյ 
Շոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը հասավ իր եզրագծին։ Այն ավելի քան մեծ շաբաթ իրական տոն պարգևեց դասական երաժշտության սիրահարներին, որոնք ի թիվս դասական երաժշտության գոհարների, այս օրերի ընթացքում ունկնդրեցին նաև ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Նրա գործերն այսօր կատարվում են աշխարհի լավագույն նվագախմբերի և մենակատարների կողմից և ամենահեղինակավոր երաժշտական փառատոներում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ալեքսեյ Շորի հետ հարցազրույցը։

-Պարոն Շոր, Դուք «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն եք։ Ինչպե՞ս եք գնահատում երաժշտական այս տոնը, որ ավելի քան մեկ շաբաթ անցկացվեց Երևանում։

-Շատ ուրախ եմ լինել Հայաստանում և մասնակցել փառատոնին որպես ռեզիդենտ կոմպոզիտոր։ Փառատոնն իրոք տպավորիչ էր իր մասշտաբով՝ երեք նվագախումբ, չորս դիրիժոր, բազմաթիվ միջազգային աստղեր, նրանցից շատերը Հայաստանից են։ Հատկապես կցանկանայի նշել փառատոնի շրջանակներում անցկացվող դաշնակահարների մրցույթը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները նրանց համար պարտադիր կատարման ծրագրում են։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ հիանալի գաղափար է միավորել մրցույթն ու փառատոնը։ Ժյուրիի անդամները և մրցույթի մասնակիցները ներգրավված են փառատոնի համերգային կյանքում, այցելում են դասական երաժշտության երեկոներին, շփվում են արտիստների հետ և պարփակված չեն մրցույթի շրջանակներում, ինչպես հաճախ լինում է մրցույթների ընթացքում։ Չպետք է մոռանանք նաև, որ երևանյան մրցույթը 2018-ին Մալթայում անցկացվելիք խոշորամասշտաբ մրցույթի նախընտրական փուլն է։

-Այս օրերին՝ փառատոնային համերգների ընթացքում հնչել է Ձեր երաժշտությունը, և հանդիսատեսը շատ ջերմորեն է ընդունել այն։ Հետաքրքիր է Ձեր տպավորությունը հայ հանդիսատեսից։

-Հիանալի հանդիսատես ունեք՝ շատ ջերմ, զգացմունքային և անկեղծ։ Ինձ շատ հաճելի էր, որ շատ մարդիկ մոտենում և իրենց հույզերն ու ապրումներն էին փոխանցում անմիջապես ելույթից հետո՝ համերգասրահում։

-Մրցույթում մասնակիցները կատարում են հատվածներ Ձեր «Մանկության հիշողություններ» ալբոմից։ Փաստորեն, տարբեր երկրների 48 ներկայացուցիչներ սովորել են Ձեր ստեղծագործությունը և ներկայացրել իրենց ընկալումներն ու տեսլականը։ Դուք հավանաբար լսել եք դաշնակահարներին. ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, ինչպե՞ս են նրանք ընկալել ու ներկայացրել Ձեր գործերը։

-Այո, իհարկե, շատ հետաքրքիր էր լսել դաշնակահարների ելույթները։ Նախ պետք է ասեմ, որ երաժիշտները շատ բարձր մակարդակ ունեին, ինչը հաճելի էր։ Երկրորդ՝ մրցույթում կար մասնակիցների բավականին լայն աշխարհագրություն. դաշնակահարները ներկայացնում էին Սիրիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Չինաստանը, Կորեան, Ֆրանսիան, Ղրղզստանը և այլն։ Այս լայն աշխարհագրությունը մրցույթին նաև երաժշտական բազմազանություն է հաղորդում։ Եվ անկասկած, ինձ համար շատ հետաքրքիր էր ունկնդրել մրցույթի մասնակիցների կողմից իմ ստեղծագործությունների՝ բոլորովին տարբեր մեկնաբանություններ։

-Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որ այս նախագծի համակազմակերպիչ է, կատարել է Ձեր գործերն ամբողջ փառատոնի ընթացքում, և եթե չեմ սխալվում, ներկայացնում է նաև իր համերգաշրջաններում։ Ես նրանց կատարմամբ լսել եմ Ձեր «Բյուրեղապակե պալատ» բալետի նախերգանքը, որն ունկնդիրն ընդունեց բուռն ծափահարություններով։ Ձեզ դո՞ւր է եկել նվագախմբի մեկնաբանությունը, և արդյոք նրանք կարողանո՞ւմ են կյանքի կոչել Ձեր երաժշտական մտահղացումները։

-Շնորհակալ եմ հարցի համար։ Հատուկ կուզենայի խոսել Սերգեյ Սմբատյանի և նրա ղեկավարած նվագախմբի մասին։ Ես փառատոնի ընթացքում հաճույքով եմ ներկա գտնվել նրանց համերգներին, որոնք անցել են մեծ հաջողությամբ։ Սերգեյը մանրամասնորեն, շատ ուշադիր և նրբորեն է աշխատում նվագախմբի հետ, ինչը ուրախալի է տեսնել։ Նվագախումբը նույն ուշադրությամբ և պատրաստակամությամբ արձագանքում է նրա դիտողություններին։ Ակնառու է, որ  դիրիժորի և նվագախմբի միջև կա մի իրական «քիմիա»։ Ուրախ եմ մեր համագործակցության համար։ Ի դեպ, Ձեր կողմից հիշատակված «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը պրեմիերա էր։ Բալետն ամբողջությամբ առաջին անգամ կատարվելու է Մալթայում հուլիսի 21-ին՝ «Բոլշոյ» թատրոնի առաջատար արտիստների մասնակցությամբ։ Ինձ համար հաճելի է նշել, որ Սերգեյը լավ հայտնի է նաև Մալթայում։ Ընդամենը վերջերս նա մեծ հաջողությամբ ղեկավարել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

-Գիտենք, որ Ձեր գործերը կատարվում են ամբողջ աշխարհում և լավագույն մենակատարների կողմից։ «Արմենիա» փառատոնի արտիստները՝ Մաքսիմ Վենգերով, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան, Ռոման Կիմ և այլք, փառատոնի ընթացքում ներկայացրել են Ձեր մեղեդիներն արդեն Երևանում։ Ի՞նչ զգացողություններ ունեիք կատարումների ընթացքում։

-Կարծում եմ՝ կոմպոզիտորի համար ամենակարևոր ապրումներից է, երբ լսում ես ստեղծագործություններդ իրենց գործի գիտակ վարպետների կատարմամբ։ Չէ՞ որ նրանք իմ երաժշտությանն ավելացնում են իրենց վառ անհատականությունը, և այդ համադրությունը ծնում է աննկարագրելի հույզեր։ Հպարտ եմ, որ նման երաժիշտներ են կատարում իմ ստեղծագործությունները։

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում։ Հասցրե՞լ եք ծանոթանալ մեր երկրի տեսարժան վայրերին։ Ի՞նչն է հատկապես Ձեզ մոտ տպավորվել, և հնարավո՞ր է արդյոք՝ Հայաստանը Ձեզ համար նոր ստեղծագործության ներշնչանք դառնա։

-Փառատոնի լավ կազմակերպման շնորհիվ ինձ շատ բան հաջողվեց տեսնել, և պետք է ասեմ՝ այն, ինչ տեսել եմ, ինձ պարուրել է հզոր զգացումներով և հույզերով։ Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ինձ կհաջողվի այդ զգացումներն արտահայտել երաժշտության լեզվով։ Հայաստանը հիասքանչ երկիր է, շատ գեղեցիկ, որը քեզ լցնում է տպավորությունների հարուստ գունապնակով՝ սկսած վառ, հաճելի երանգներից մինչև ողբերգական։ Եվ այդ ամենը մնում է քո հոգու խորքում։ Պետք է խոստովանեմ, որ իմ այցելությունը Հայաստան ունի նաև անձնական հետք. հայրս իր մանկության 12 տարիներն անցկացրել է ձեր հիասքանչ երկրում։ Հիմա նա և մայրս ինձ հետ Հայաստանում են։ Սա շատ կարևոր այցելություն է իմ ընտանիքի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]