Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը հույսի, հավատի, երազանքների մասին է

«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը հույսի, հավատի, երազանքների մասին է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեռ մութ, դեռ լույս» կինոնկարն իր գիշերային բանաստեղծականությամբ, մելամաղձոտությամբ ու հումորով ափսոսանքի և գոյութենական անձկության զգացում է ծնում: Ժապավենը ներկայացվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում: Կինոյի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր, գրող Սոֆի Գուայետը:

«Ֆիլմը ստեղծելիս ես անկախ էի.  դա հնարավորություն է տալիս անել այն, ինչ ուզում ես:  Կինոն ստեղծվել է երեք երկրում, 17 օրվա ընթացքում: Աշխատել եմ  մեքսիկացի, չինացի հետաքրքիր ու տաղանդավոր դերասանների հետ: Իմ հիանալի թիմի շնորհիվ ֆիլմը կարող եմ ներկայացնել միջազգային  փառատոնների ու հաջողություն գրանցել»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

«Ֆիլմ ստեղծելիս շարժիչ ուժն այն էր, որ կյանքում անձնական, մասնագիտական հիասթափությունները պետք է հաղթահարել, ամուր լինել ու առաջ շարժվել: Այս կինոնկարը հույսի, հավատի, երազների ու երազանքների մասին է»,-ընդգծեց նա:

Սոֆի Գուայետը հավելեց, որ այն մեր ներաշխարհի մասին է: «Մենք գիտենք, երբ երազում չենք, այլ ինչ-որ սրճարանում կամ ռեստորանում երաժշտություն ենք լսում, հաճախ այն մեզ հիշեցնում է ինչ-որ իրադարձություն, և մենք ընկնում ենք հիշողությունների գիրկը` վերանալով իրականությունից: Կինոն նկարելիս ուզում էի գտնել բոլորիս իրար միացնող մի բան ու, կարծում եմ, երազները կարող են բոլորիս մեկտեղել մի վայրում »,-ասաց ռեժիսորը:

Անդրադառնալով կինոյի գունային գամմային` նա ընդգծեց, որ իր նախորդ ժապավեններում առկա են վառ կարմիր և այլ գույներ, իսկ «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմում կիրառել է հանգիստ գույներ, որպեսզի իրականությունն ու երազները չտարբերվեն միմյանցից:

Այս ֆիլմը Ռոտերդամի կինոփառատոնում արժանացել է «Պայծառ ապագա» մրցույթի գլխավոր մրցանակին:

Գուայետի խոսքով` ինքը բաց է ամբողջ աշխարհի առաջ, և շատ հնարավոր է, որ հետագայում կինո նկարահանի նաև Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում:

 Ամերիկյան մայրցամաքից  մինչև Ասիա՝ տարբեր սերունդներ ու մշակույթ ներկայացնող  երեք հերոսներն իրենց կյանքի շրջադարձային փուլում են: Նրանց փնտրտուքի բանալին, հավանաբար, իրենց երազներում է թաքնված... Այս նուրբ ֆիլմն իր գիշերային բանաստեղծականությամբ, մելամաղձոտությամբ ու հումորով ափսոսանքի և գոյութենական անձկության զգացում է ծնում: 

 «Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]