1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը

Հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը: «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթի մասնակիցների թիվը 26 է: Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Մենք ունկընդրել ենք բազմաթիվ կատարողների, նրանցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 26-ը: Հրաշալի մասնակիցներ են, լավ ելույթներ ենք ակնկալում: Տարբեր տարիքային խմբերում մասնակիցները հանդես կգան նախընտրած ոճերում: Լինելու է դասական, էստրադային, ժողովրդական երգեցողոթյուն»,-ասաց Կարեն Զոհրաբյանը: Մրցույթն արդեն 2-րդ անգամ է անցկացվում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ մրցույթներ, փառատոններ են անցկացվում: Այս գործընթացը բավական ակտիվ է:

«Որքան շատ լինեն նման միջոցառումներն, այնքան լավ: Երգարվեստի բնագավառում կա հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու խնդիր: Փառատոնը, մրցույթը նպաստում են նման խնդիրների լուծմանը: Դրանք նպաստում են երաժշտության հանրահռչակմանը, որի արդյունքում շատ երաժիշտներ կարողանում են գտնել իրենց ճանապարհը»,-ասաց Գագիկ Մանասյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այս մրցույթն առանձնանում է վոկալ արվեստի բազմաժանրությամբ:

«Յուրաքանաչյուր մրցույթի կարևորությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել տաղանդավոր երիտասարդների, բացահայտել նրանց ներուժը: Այս մրցույթը կարևոր է նաև վոկալ կատարողական արվեստի զարգացման տեսանկյունից»,-ասաց Արմենուհի Ղազարյանը: Նա նկատեց, որ այսօր ասպարեզում նախորդ տարիների մրցույթների հաղթողներն են, աչքի ընկնողներն են: Նրա խոսքով, յուրաքանչյուր նման ձեռնարկի, որը նպաստում է նոր սերնդի բացահայտմանը, պետությունն աջակցում է:

Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանն ընդգրկված է ժյուրիի կազմում: Առաջին անգամ է այս մրցույթի ժյուրիի կազմում: «Երկար տարիներ տարբեր երկրներում միջազգային մրցույթների ժյուրիների կազմում եմ եղել: Մրցույթներում ընդգրկվելը լավ հնարավորություն է մասնակիցների համար: Նախ՝ դա երիտասարդների համար ոգևորություն է, շփումներ են, բեմում ելույթ ունենալու հնարավորություն: Հավատացեք, ամեն մի միջազգային մրցույթից հետո մասնակցիները մի քանի քայլ առաջ են գնում: Ես ողջունում եմ նման նախաձեռնությունը»,-ասաց նա:

«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթի մասնակիցներից է Սոնա Նալբանդյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն: Նա բնակվում և սովորում է Լոս Անջելեսում: Երգարվեստում նրա ուսուցչուհին ազգությամբ հայ է: Նրա կողքին է արդեն 8 տարի և հենց ուսուցչուհու խորհրդով է Հայաստան եկել մասնակցելու  «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթին:

«Ես երգում եմ և դասական, և ժողովրդական ոճերում, սակայն մրցույթին ներկայանալու եմ դասական կատարումներով: Մի շարք երգերի ցանկում ընդգրկել եմ նաև «Կռունկ»-ը: Ուզում եմ շարունակել օպերային ոճով: ԱՄՆ-ում ուսումս ավարտելուց հետո կտեղափոխվեմ կամ Իտալիա, կամ Ռուսաստան: Հայաստանում լինելն ինձ համար հետաքրքիր է, շատ լավ տպավորությունն ունեմ: Այստեղ ամեն ինչ շատ ոգևորում է»,-ասաց Սոնա Նալբանդյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]