Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանցի ռեժիսորի «Անկաշառը» ֆիլմը պայքար է սեփական տնտեսությունը պահպանելու համար

Իրանցի ռեժիսորի «Անկաշառը» ֆիլմը պայքար է սեփական տնտեսությունը 
պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ արվեստում իր քայլերն ինը տարեկանում արած ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» կինոնկարը պատմում է հասարակության, անհատի և կոռուպցիոն համակարգի միջև գոյություն ունեցող պայքարի մասին: Կինոնկարն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է կարող հասարակական կառույցը բախման ժամանակ ճնշել անհատին, կլանել նրան, փշրել:  Ֆիլմի հարցադրումն  այն է, թե որքանո՞վ են իշխանությունը, պետական մարմինները դեր խաղում այդ կառույցի առաջխաղացման գործում: Կարծում եմ, որ երբեք չեմ կարողանա հստակ ներկայացնել այդ հարցի պատասխանը, բայց դրա մասին չխոսել պարզապես չէի կարող»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Ռասուլոֆը:

Նա ընդգծեց, որ իր և գլխավոր կերպարի մեջ բազմաթիվ ընդհանրություններ կան:

Անդրադառնալով ֆիլմի շահած մրցանակներին` նա ասաց, որ դրանք հնարավորություն են տալիս կինոնկարն ավելի շատ երկրներում ու մարդկանց ցուցադրել:

«Ֆիլմից հետո Իրանը ավելի զգայուն է դարձել: Պետությանը դուր չի եկել այն փաստը, որ ֆիլմը հաջողությունների է հասել: Նրանք կարծում են, որ այն համակրանքի է արժանացել միայն քաղաքական երևույթներին անդրադառնալու համար և գեղարվեստական արժեք չի ներկայացնում»,- նշեց ռեժիսորը:

Ռասուլոֆն ասաց, որ Իրանում տարվա ընթացքում մոտավորապես հարյուր ֆիլմ է նկարահանվում պետական աջակցությամբ, և դրանց մեծ մասն անդրադառնում է պետությանն անհրաժեշտ հարցերին: «Միայն մի քանի կինոնկարներ են սեփական միջոցներով ստեղծվում, որոնք հաճախ պետության դժգոհության պատճառ են դառնում: Կարծում եմ, որ Իրանում դեռևս կինոինդուստրիա չկա, կա միայն կինոշուկա, որը դեռ զարգացում չի ապրում, քանի որ ակնհայտ է գրաքննությունը»,-եզրափակեց նա:

 35-ամյա Ռեզան, իրեն քաղաքային ճահճից հեռու պահելով, պարզ կյանք է վարում Հյուսիսային Իրանի հեռավոր գյուղում կնոջ ու միակ երեխայի հետ: Նա իր օրերն անցկացնում է «ոսկե ձկնիկների» բուծարանում: Մասնավոր մի ընկերություն, որը սերտ կապեր ունի կառավարության ու տեղական իշխանությունների հետ, իր հսկողության տակ է առել շրջանի կյանքի բոլոր ոլորտները: Ընկերության բաժնետերերը տեղացի ֆերմերներին դրդում են վաճառել իրենց ունեցվածքը հօգուտ ընկերության: Ռեզան ջանում է ընդդիմանալ հարկադրանքին ու պահպանել իր տնտեսությունը: Շուտով նա հասկանում է, որ այլևս չի կարող դիմակայել հզոր կոռուպցիոն ցանցի ճնշմանը և որոշում է վաճառել ձկնաբուծարանը ու հեռանալ, սակայն ընկերությունն ավելի է բարձրացնում խաղաքարտերը:

Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]