Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն 
ահաբեկիչներին

 ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի (www.TheCaliforniaCourier.com) հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի նոր հոդվածը։

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ... Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:  

Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների և թռիչքի և/կամ վայրէջքի դիվանագիտական ձևակերպումների համար Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում», ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների:

Ըստ Գայտանջիևայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների և զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) և Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում և Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից և հարկերից, այսինքն, Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների»:

Գաղտնազերծված փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի   արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հաղորդում է Գայտանջիևան:

Ըստ ԱՄՆ դաշնային պայմանագրերի ռեեստրի՝ 2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել  ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Orbital ATK-ը, ստացել է 250 միլիոն դոլարի պայմանագիր ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար:

Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:

Գայտանջիևան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին և մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակներ:

Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արևմտյան զենքի իր զինանոցին: 2016 և 2017 թվականներին Բուլղարիայից, Սերբիայից և Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա և Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով և Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է, ըստ Գայտանջիևայի:

Այս տարվա ապրիլի 28-ին և մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից երկու դիվանագիտական չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով երկու թռիչքների համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով և հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակի կողմից հայտնաբերվել է Մոսուլում, իսլամական պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում, ըստ Գայտանդիեւի:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: Առկա են նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները:

2017 թ. փետրվարին և մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել  Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27 350 հատ 128 մմ հրթիռներ և 10 000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի  հրթիռներ:

Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, ինչը կարող է բացատրել Ալիևի և նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստությունը:

Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:

Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ... ԱՄՆ Կոնգրեսը և եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն և հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արևելքում և այլուր:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]