Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բիրմայական պատմությունների ժողովածու» ֆիլմը պատմում է բանաստեղծ Մաուն Աուն Փուինի ապրումների մասին

«Բիրմայական պատմությունների ժողովածու» ֆիլմը պատմում է բանաստեղծ Մաուն Աուն Փուինի ապրումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Բիրմայական պատմությունների ժողովածու» կինոնկարում ներառված պատմություններն ու բանաստեղծությունները ծավալվում են երկրի ժամանակակից ամենահայտնի և այլախոհ բանաստեղծ Մաուն Աուն Փուինի շուրջ: Ֆիլմի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ռեժիսորները:

«Տարիներ առաջ ենք առաջին անգամ գնացել Բիրմա: Ես ուզում էի այնտեղ կինո նկարել, սակայն Բիրման փակ երկիր է, բայց մեզ տրվեց նման հնարավորություն, և մենք ընտրեցինք համեմատաբար ապահով թեմա` կանգ առնելով պոեզիայի վրա, որը Բիրմայում զարգացած է»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Պետր Լոմը:

Նա ընդգծեց, որ կինոնկարը ստեղծելիս իրենց համար պարզ դարձավ, որ բռնապետական երկրում ապրող մարդիկ, այնուամենայնիվ, կարողանում են գոյատևել ու արվեստով զբաղվել:

Կորինե վան Էգերաաթի խոսքով`  իրենք Բիրմայում դասավանդում էին ուսանողներին ու սովորեցնում կինո ստեղծելու գաղտնիքները:

«Այդ ժամանակ ստեղծվեց Բիրմայում մարդու իրավունքների մասին կինոփառատոնը: Երբ կազմակերպչին ասացինք, որ բանաստեղծներին ենք ցանկանում անդրադառնալ մեր ֆիլմում, նա մեզ ուղղորդեց` ասելով, որ հստակ գիտի, թե ով է մեզ անհրաժեշտ: Այդպես ծանոթացանք Մաուն Աուն Փուինի հետ, ով մեզ շատ դուր եկավ»,-ասաց նա:

Կորինե վան Էգերաաթը հավելեց, որ ժապավենում մասնավոր տեղեկությունները շատ քիչ են, և իրենք հատուկ են այդպես արել: «Փորձել ենք ճնշման տակ գտնվող մարդկանց հավաքական կերպար ներկայացնել, կերպար, որն ուժեղ է ու չի հանձնվում»,- ընդգծեց ռեժիսորը:

Պոեզիան խիստ տարածված է Բիրմայում, մի երկրում, որը դուրս է եկել երկարամյա բռնապետության ճիրաններից ու մեկուսացումից: Անցյալում պոեզիան բռնակալությանը դիմադրելու միջոց էր, այդ երկրում այսօր ավելի շատ առցանց պոետներ կան, քան բլոգերներ: Ֆիլմում պատմություններն ու բանաստեղծությունները ծավալվում են երկրի այժմյան ամենահայտնի և այլախոհ  կենդանի բանաստեղծի` Մաուն Աուն Փուինի շուրջ, որը սպասում է վաղուց կորցրած իր որդու տարագրությունից վերադարձին:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]