Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շարմազանովն անհեթեթություն է համարում Մամեդյարովի վերջին հայտարարությունները

 Շարմազանովն անհեթեթություն է համարում Մամեդյարովի վերջին 
հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային  սկզբունքի հիման վրա, դիվանագիտական նոնսենս է: «Արմենպրես»-ի հետ զրուցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առնվազն 5 հրապարակային հայտարարություն են արել, նշելով, որ խնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա` խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ավելին, վերջերս Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց ինքնորոշման իրավունքի առկայության անհրաժեշտությունը: Բացի այդ,Արցախի Հանրապետությունը ոչ մի վայրկյան անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եզրույթն Արցախի նկատմամբ օգտագործելը դիվանագիտական նոնսենս է»,- ընդգծեց Շարմազանովը: 

ՀՀԿ խոսնակը զավեշտալի որակեց Մամեդյարովի հնչեցրած այն հայտարարությանը, թե իբր  Ադրբեջանն ունի հազարամյա դիվանագիտական պատմություն:

«Ադրբեջան» անունով պետական միավորում աշխարհի երեսին առաջացել է 1918 թվականի մայիսի 27-ին: Մամեդյարովը, որքան էլ  մեծ ցանկություն ունենա դրանից մի օր առաջ  Ադրբեջան անունով պետություն գտնել, նրա ջանքերն ապարդյուն կլինեն:

Եթե Ադրբեջանի համար 99 տարին հազարամյակների պատմություն է, ուրեմն  իրենց մոտ մաթեմատիկական հաշվարկները բոլորովին այլ ձևով են իրականացվում»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` Մամեդյարովը, խոսքում հղում  անելով «Ադրբեջանի հազարամյա դիվանագիտական պատմության»-ը, հիշատակում է Աղվանք միջնադարյան պետությունը:

«Կարծում եմ՝  այստեղ Մամեդյարովը աններելի սխալ է անում, որովհետև ոչ ավել, ոչ պակաս ձեռնոց է նետում Իլհամ Ալիևի հայրիկին` Հեյդար Ալիևին, ով, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի թեմային, մշտապես նշել է «մեկ ազգ` երկու պետություն»  կարգախոսը: Այսինքն` Հեյդար Ալիևը մշտապես խոսել է, որ  ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգ են, իսկ թուրքերը տարածաշրջան ներթափանցել են 11-րդ դարի 40-ական թվականներից ոչ շուտ»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ չի զարմանա, եթե մյուս անգամ Մամեդյարովը հայտարարի, թե իբր Հռոմի կայսրությունը նույնպես ադրբեջանական է: 

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև անհեթեթություն է համարում Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի «պատմական» տարածքն է:

«Ադրբեջանն ընդամենը 99 տարվա պատմություն ունի, իսկ  Արցախը պատմական հայկական հող է, որի մասին դեռևս նշել են անտիկ Հունաստանի  պատմաբանները: Թող բացեն նրանց աշխատությունները, որտեղ հստակ նշված է, որ մինչև Քուր և Արաքս գետերի հատման կետը Հայաստանի տարածքն է»,- եզրափակեց Շարմազանովը:

Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե իբր  Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն էԱդրբեջանը հազարամյակների պատմություն ունի , ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]