Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառք է տեղի ունեցել Երևանի պատմության թանգարանում

«4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառք է տեղի 
ունեցել Երևանի պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ անցկացվող «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լիբանանահայ նկարչուհի Լենա Այդընյանի նախաձեռնությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ, մտավորականներ:

Ցուցահանդեսում ներկայացված էին 4 տարբեր սերունդների ներկայացուցիչներ Սահակ, Արփինե, Սարին Ոսկյանների, Տանիա և Լենա Այդընյանների, ինչպես նաև Սելին Չաղլասյանի գեղանկարչական աշխատանքները, մանրաքանդակներ և լուսանկարներ:

Միջոցառումն իրականացվում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում: Գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին:

Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը, Լիբանանում Հայաստանի դեսպանությանը և Երևանի քաղաքապետարանին` ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար:

Ներկաներին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց լիբանանահայ արվեստագետներին՝ հայրենիքում նման հետաքրքիր ցուցադրություն կյանքի կոչելու համար՝ նշելով. «Արդեն մի քանի օր է, ինչ Լիբանանի շունչն ու ոգին է թևածում Երևանում, երեկ պարոն Վիգեն Ասսիլյանի ղեկավարությամբ  փայլուն համերգ էր կազմակերպվել, լիբանանցի երեխաները կատարեցին հայ երգահանների ստեղծագործությունները՝ կամրջելով Հայաստանն ու Լիբանանը, իսկ այսօր 4 սերունդի ներկայացուցիչներ միասին ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, որոնց միավորողը հայ մշակույթն է, լիբանանյան հողում ստեղծագործելու, հայկական արվեստը զարգացնելու ու աշխարհին ներկայացնելու մղումը: Սիրելի՛ լիբանանահայ արվեստագետներ, ձեր ստեղծագործություններում արտացոլված է գենետիկորեն ձեզ փոխանցված սերը գեղեցիկի, բարձր արվեստի հանդեպ: Այս ցուցահանդեսը վկայում է, որ Սփյուռքում հայկական ինքնությունը, հայի տեսակն ու ոգին պահպանելու գործը հուսալի ձեռքերում է: Հայը ամենուրեք հաղթող պետք է լինի՝ արվեստում, Արցախի առաջնագծում, թե գիտության ու տնտեսության ոլորտներում: Մեր բոլորի համար Հայաստանն է ձգողականության, ուժ ու զորություն տվող կենտրոնը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի Սան Ժոզեֆ համալսարանի դեղագործության ֆակուլտետի դեկան, արվեստագետների Այդընյան գերդաստանի ներկայացուցիչ Հերմինե Այդընյանը:

Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու և հայ մշակույթը պահպանելու ու զարգացնելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Լենա Այդընյանին հանձնեց Սփյուռքի նախարարության պատվոգիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]