Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Աբովյան» ՔԿՀ-ում 6-րդ տարին անընդմեջ կին դատապարտյալների համար կազմակերպվեց մարզական միջոցառում

«Աբովյան» ՔԿՀ-ում 6-րդ տարին անընդմեջ կին դատապարտյալների համար 
կազմակերպվեց մարզական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 7-ին վեցերորդ տարին անընդմեջ կին դատապարտյալների համար կազմակերպվեց մարզական միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ ուժերով իրականացված այս մարզական միջոցառմանը կին դատապարտյալները իրենց ուժերը չափեցին 30 մետր վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիրակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը շնորհակալություն հայտնեց կին դատապարտյալներին մրցումներին ակտիվ մասնակցելու համար և կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանզի այն առողջ ապրելակերպի կարևորագույն  խթան է հանդիսանում:

«Մեծ ցանկություն ունեմ, որպեսզի որևէ կին այլևս մուտք  չգործի այս քրեակատարողական հիմնարկ»,- նշեց Պռազյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության  սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Ռոման Ալավերդյանի խոսքով` այս մրցումների կազմակերպումը շատ կարևոր է կին դատապարտյալների ոչ միայն ֆիզիկական առողջության համար, այլ նաև հոգեբանական:

«Հետագայում այս մարդիկ ազատ են արձակվելու և նրանց համար շատ կարևոր է թե ֆիզիկապես,  թե հոգեպես լինել առողջ քաղաքացի հասարակությունում»,- ընդգծեց Ալավերդյանը և հաջողություն մաղթեց մրցույթում բոլոր մասնակիցներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նշեցին, որ նման  մասսայական միջոցառումներով քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք հասարակության կողմից իրենց անտեսված չեն զգում,  ինչը  վերաինտեգրվելու առումով բավականին կարևոր է: Բացի այդ, ՔԿՀ-ի աշխատակիցները կարևոր են համարում ազատությունից հետո նրանց աշխատանքով ապահովումը, ինչը զգալիորեն նվազեցնում է կրկնահանցագործության ռիսկը: Աշխատակիցները նաև նկատեցին, որ  կին դատապարտյալների թիվը տարեցտարի նվազում է:

Մրցումներում 1-ից 3-րդ տեղը զբաղեցնողներին սպասում էին պատվոգրեր և նվերներ:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը  զբաղեցրեց Քնարիկ Մաթևոսյանը, 2-րդ տեղը` Լիռա Այվազյանը, 1-րդ պատվավոր տեղը` Մարիամ Փանոսյանը: Հեռացատկում 3-րդ տեղը գրավեց Էմմա Ավետյանը, 2-րդ տեղը` Սիրան Մխիթարյանը, 1-ին հորիզոնականը`  Մարիամ Փանոսյանը: Բազկամարտի չեմպիոն ճանաչվեց Տաթևիկ Գրիգորյանը, դարթսի մրցումների հաղթող Լուսինե Ներսիսյանը, իսկ սեղանի թենիսի մրցումներում միանձնյա գլխավորեց Արփինե Ավետյանը:

Վոլեյբոլի առաջնությանը հաղթող հավաքականին հանձնվեց գավաթ:

Վերջում Սուրեն Պռազյանը հաղթողներին հանձնեց նաև գնդակներ, սեղանի թենիսի  ռակետներ, ինչպես նաև մարզական համազգեստներ:

Կին դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Աբովյանի քաղաքապետարանին նման միջոցառումների անցկացման համար և հույս հայտնեցին, որ մի օր քրեակատարողական հիմնարկի դռները կփակվեն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]