Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ԵՄ հետագա ներգրավվածությունը ԼՂ-ում կախված է հակամարտության կարգավորման առաջխաղացումից. Հերբերտ Զալբեր


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: «Արմենպրես»-ը զրուցել է եվրոպացի պաշտոնյայի հետ մասնավորապես վերջին օրերին սահմանային լարվածության վերաբերյալ:

-Պրն Զալբեր, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով այն, որ վերջերս Ադրբեջանը բացահայտ կերպով գնում է իրավիճակի լարման:

-Տեղեկանալով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների, ինչպես նաեւ զոհերի մասին` մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը շատ անկայուն է:  Ողբերգական դեպքերը, ինչպես այս վերջինը, որը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, եւ հանգեցրեց խաղաղ բնակիչների մահվան, անընդունելի են: Բռնությունը պետք է դադարեցվի: Սա, իսկապես, մտահոգության տեղիք է տալիս: ԵՄ-ն պարբերաբար կոչ է արել միանշանակ պահպանել հրադադարի ռեժիմը, խուսափել սադրանքներից ու առճակատման հռետորաբանությունից եւ ներգրավվել հեռանկարային բանակցություններում: Իսկապես, կա անհրաժեշտություն ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, որը կնպաստի առաջխաղացման գրանցմանը ցանկալի քաղաքական կարգավորման հարցում:

-Հունիսի 10-19 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Երեւանում, Արցախում եւ Բաքվում, եւ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանը կրկին  խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով եղան զոհեր: Վերջին ժամանակներում կարծես համանախագահների կոչերը մի փոքր ավելի հասցեական են, քանի որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ հրաժարվում է բանակցություններից, օրակարգային այնպիսի հարցերից, ինչպիսիք են օրինակ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը:  Չեք կարծու՞մ, որ նախահարձակ կողմին զսպելու համար արդեն անհրաժեշտ է անցնել գործողությունների փուլ: Զսպման ինչպիսի՞ լծակներ կարող է կիրառել Եվրամիությունը՝ կանխելու նախահարձակ գործողությունները:

-Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում:  Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը: ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմի ներդրումը կարող են օգտակար գործիքներ լինել կողմերի միջեւ այդքան անհրաժեշտ վստահությունը հաստատելու համար: Զուգահեռաբար, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների սեղանին բերված առաջարկների հիման վրա հակամարտության լուծման նպատակով բանակցություններում ներգրավվելը: Մենք լիովին սատարում ենք համանախագահների ջանքերն այս հարցում:

-Հանրային պահանջագրերի change.org հարթակում ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը վերջերս նախաձեռնել էր «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Պահանջագրում կոչ էր արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: Ստորագրահավաքին միացան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Դուք ի՞նչ եք կարծում նմանատիպ ակցիաների մասին, չէ՞ որ ԼՂ-ի ժողովուրդը իսկապես մյուսների նման արժանի է այդ հնարավորություններին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ԼՂ-ում ԵՄ ավելի մեծ ներգրավվածության համար:

-Ի հավելումն համանախագահներին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, Եվրամիությունը ջանքեր է գործադրում` աջակցելով քաղաքացիական հասարակության համար խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնություններին:  Արդեն մի քանի տարի է` ԵՄ-ն ֆինանսավորում է կարեւոր մի նախագիծ «Եվրոպական գործընկերությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար» խորագրով: Այն նպատակաուղղված է հակամարտության տրանսֆորմացիային եւ խաղաղության հաստատմանը: Այս ծրագրի միջոցով, որը, ի դեպ, արդեն երրորդ փուլում է, մենք ցանկանում ենք ստեղծել եւ պահպանել կապեր ու փոխանակումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Ծրագիրը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչներին: ԵՄ հետագա ներգրավվածությունը կախված է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացումից, ինչպես նաեւ համանախագահների ղեկավարած այս գործընթացում ձեռք բերված համաձայնություններից: Հենց հնարավոր լինի հասնել խաղաղության կարգավորմանը, ԵՄ-ն, իհարկե, պատրաստ կլինի նպաստելու դրա իրականացմանը:

Հարցազրույցը` Սյուզի Մուրադյանի



Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ