Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/68. «Ախպարները» վեպը վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն այս անգամ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործություններից մի փունջ: Վարպետորեն կատարված թարգմանությունների հեղինակներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Վեցերորդ հորիզոնականում է բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին,  թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է: Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:

Ութերորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Թարգմանել է Նազելի Կարապետյանը:

Կրկին մեր աղյուսակում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը, որն իններորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից հեղինակ, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Տեղ Փոփ Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Մարկ Արեն «Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 52
2 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 50
3 +3 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 27
4 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 18
5 0

Ջոն Բոյն «Զոլավոր

գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 17
6 * Սվետլանա Ալեքսիևիչ «Ցինկե տղաները» Բուկինիստ 15
7 * Էդգար Կոստանդյան, «Կուկու» Վարդ Հրատ 13
8 -4 Սպենսեր Ջոնսոն, «Ու՞ր է իմ պանիրը» Էդիթ Պրինտ 12
9 * Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»  Անտարես 10
10 *

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 5


Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ