Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վայոց Ձորի մարզում համայնքների խոշորացման նպատակով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

Վայոց Ձորի մարզում համայնքների խոշորացման նպատակով լայնածավալ 
աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում իրականացվել է  խմելու ջրի ցանցերի մասնակի  վերանորոգում,  լուսավորություն է անցկացվել, իսկ երկուսում՝ աշխատանքներն  ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: 

Այցի ժամանակ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ առաջիկայում  գումար կհատկացվի մարզի Զառիթափ համայնքին՝ առաջնային խնդիրները լուծելու համար:

Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված  համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

Այցի առաջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ Կառավարության ներկայացուցիչները  ծանոթացել են համայնքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման  կենտրոնի (ՔՍԳ) աշխատանքներին:

Ներկաներին զեկուցվել է, որ համայնքի մեջ մտնող բնակավայրերի բնակիչներն այլեւս որևէ տեղեկանքի համար ժամանակ չեն վատնելու: Խոշորացված բոլոր համայնքների այս կենտրոններում ցանկացած տեղեկանք ստանալը կամ վճարումներ անելը րոպեների հարց է դարձել:  Բոլոր խոշորացված համայնքներում իրականացվում է ավագանու նիստերի առցանց հեռարձակում:

Համայնքային կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Զառիթափի համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի խոսքով,  հաստիքների վերաբաշխման արդյունքում  անասնաբույժի 7 նոր հաստիք են  ձևավորել: Զառիթափ, Սերս, Մարտիրոս և այլ բնակավայրերում իրականացվել է  խմելու ջրի ցանցերի մասնակի  վերանորոգում,  Նոր Ազնաբերդում լուսավորություն է անցկացվել, իսկ Զառիթափում և  Մարտիրոսում աշխատանքներն  ընթացքի մեջ են:

Վարչական շրջանում նաև աղբահանության խնդիրն է կարգավորվել: Վարչական ներկայացուցչությունը նշել, որ մինչ խոշորացումը աղբը կուտակվել է՝  տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով:

Այցի շրջանակներում նախարարը և կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են Մարտիրոս բնակավայրի սողանքից տուժած վթարային տների վիճակին: Նախարար Լոքյանը զրուցել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Ջերմուկի քաղաքապետարանում նախագծողների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ էլ  քննարկվել է Ջերմուկի զարգացման ծրագրի աշխատանքների ընթացքը:

Ջերմուկի վարչական ներկայացուցիչները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների մասին:

Այցի վերջին կանգառը խոշորացվող Եղեգիսի Շատին կենտրոնում էր: 2017  թվականի  նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Լոքյանը հայտարարել է, որ արդեն ընթացիկ ամսում ՏԿԶ  նախարարության, մարզպետարանների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված հատուկ թիմերն այցելելու են  համայնքներ և յուրաքանչյուրի հետ քննարկումներ են կազմակերպվելու:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը խոշորացված համայնքներին մեկ շնչի մասով միջին հաշվով հատկացրել է 65 դոլարի չափով գումար, որը հիմնականում հենց համայնքների առաջարկությամբ է  ծախսվել այս կամ այն խնդիրը լուծելու համար: Նա ներկայացրել է իրականացված աշխատանքների մասով ամփոփ տեղեկություն, արձանագրել, որ խոշորացված համայնքներում արդյունքները տեսանելի են. տրամադրվել են տեխնիկական միջոցներ, ջրագծեր են կառուցվել, համայնքային ճանապարհներ են վերանորոգվել,  զարգացման ծրագրեր իրականացվել և այլն:

Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է վարչատարածքային բարեփոխումների մասին օրենքի վերջին փոփոխությունների նախագիծը և մենք նոյեմբերի 5-ին պետք է  գնանք ընտրությունների:  Համայնքներում տնտեսական ծրագրեր բերելու ժամանակն է: Մինչև  նոյեմբերի 5-ի ՏԻՄ  ընտրությունները  յուրաքանչյուր համայնքի համար  պետք է նախապատրաստենք ծրագիր և հետո  շատ արագ  դնենք գործածության մեջ: Կարծում եմ,  միասին մենք կարողանալու ենք մեկ թիմ դառնալ, ներդրումային ծրագրեր բերել, իսկ  պետությունն էլ կանգնելու է խոշորացված համայնքների կողքին,-ասել է Լոքյանը:

Նա կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցը և հանձնարարել համայնքապետերին ուշադրության տակ պահել հարցը, հավելել, որ  կառավարության կողմից առավել օժանդակության կարժանան այն համայնքները, որոնք լավագույն ցուցանիշները կունենան:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը համայնքապետերին ուղղված իր խոսքում համայնքի զարգացման հարցում  կարևորել է նրանց նախաձեռնողականությունը և դրա համար անհրաժեշտ հմտությունները:  Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել համայնքապետերին, նույնպես վստահեցրել, որ եթե համայնքները միավորեն իրենց ուժերը, հաջողություններն ակնհայտ են լինելու:

Վայոց Ձորի մարզ աշխատանքային  այցելության բոլոր հանդիպումների ավարտին համայնքապետերին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]