Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Մանկական բեսթսելեր 4/18. Երեխաները կարդում են հեքիաթներ արքայադուստրերի մասին


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Ցանկ է վերադարձել և առաջին հորիզոնականը զբաղեցրել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երկրորդն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել  և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:

Մանկական բեսթսելերի երրորդ հորիզոնականում  Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Չորրորդ տեղն է զբաղեցրել Ջ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարդի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Իր դիրքերը զիջել և հինգերորդ տեղն է զբաղեցրել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ հորիզոնականում «Արև, արև, եկ, եկ»  մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը վերադարձել է մեր աղյուսակ: Այն  յոթերորդ հորիզոնականում է: Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

«100 դասական հեքիաթներ» ժողովածուն զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Իններորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն են: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել կղզում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 63
2

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 45
3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 40
4

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 38
5 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 36
6 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 32
7

Ջաննի Ռոդարի

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 25
8 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 20
9

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 20
10

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 16

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

... վերջին լուր "Մանկական բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ