Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության երթ»-ին

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության 
երթ»-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Քրդամետ կուսակցությունից երթի 19-րդ օրը քեմալականներին միացել են համանախագահ Սերփիլ Քեմալբայը, պատգամավորներ Ջելալ Դողանը, Էրոլ Դորան, Միթհաթ Սանջարը, քաղաքական գործիչ Ամհեթ Թուրքը և այլոք:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ահմեթ Թուրքը երթի ժամանակ հայտարարություն է արել՝ նշելով. «Քանի դեռ ամենաշատն անարդարության ենթարկված քրդերի համար ժողովրդավարական պայմաններ չեն ապահովվել, արդարության մեր փնտրտուքը թերի կլինի: Եկել ենք աջակցելու «արդարության երթ»-ին»:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]