Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ղուկաս Սիրունյանը զուլալ գրիչ ուներ. Գրողներն ու ընկերները՝ բանաստեղծի մասին

Ղուկաս Սիրունյանը զուլալ գրիչ ուներ. Գրողներն ու ընկերները՝ բանաստեղծի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 68-րդ տարում վախճանվել է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 3-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

«Նա բանաստեղծ էր, որի ստեղծագործութունները դեռ ուսանողական տարիներից տպագրվում էին տարբեր ամսագրերում: Սիրունյանն իր ուրույն աշխարհը բերեց հայ գրականություն. գրում էր հայկական բնանկարի, պատմության, կորուսյալ հայրենիքի, ժամանակակից կյանքի մասին` օգտագործելով մեր լեզվի հարուստ գանձարանը: Ցավալի է, որ նա մեզ հետ չէ:  Ղուկաս Սիրունյանը կմնա մեր գրականության պատմության մեջ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Անաղմուկ և մաքուր գոյություն էր: Սիրունյանը մեր գրականության մեջ ուներ իր ինքնատիպ հայացքը, իրեն հատուկ տողերը, իսկ բանաստեղծին հենց տողերով են ճանաչում: Նա ստեղծագործում էր նաև մանուկների համար. դա այլ նկարագիր է: Եթե պոետը նույնիսկ տարիքն առնելուց հետո շարունակում է հոգում մանուկ պահել, դա նրա արժեքը կրկնակի է դարձնում»,-ասաց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը և հավելեց, որ կորուստ ունեցավ ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների համար նախատեսված գրականությունը:

«Նրա բանաստեղծությունների մասին բազմիցս գրել եմ: Նրա գործերում կար հանգստություն, հովերգականութուն, փափկություն: Ինքնատիպ էր, սթափ ու իրատեսական հայացքներով լի: Կարծում եմ` մեր գրականությունը մեծ կորուստ կրեց»,-ընդգծեց բանաստեղծ Հակոբ Մովսեսը:

 Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 18-ին Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում,1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։

Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի։

1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2007թ. «Ուշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։

***

Ղուկաս Սիրունյան

Ես չմեռա 10 տարեկանում,
որովհետև բարձր ծերպեր չէի մագլցել,
և ոչ մի անգամ դեռ չէի ընկել ցած։

Ես չմեռա 20 տարեկանում,
որովհետև շատ էի ուզում իմանալ, թե ինչ կա
փակ դռան հետևում իմ խարտյաշ տանտիրուհու…

Ես չմեռա 30 տարեկանում,
որովհետև նկատեցի Աստծո սրունքները
և ցանկացա տեսնել դեմքը նրա։

Ես չմեռա 40 տարեկանում,
որովհետև վերջացել էր մանկությունը
և շատ էի ուզում իմանալ, թե ինչ է սկսվելու հետո։

Ես չմեռա 50 տարեկանում,
որովհետև հոգնած էի և շատ էի ուզում
վերջապես գտնել իմ տան ճանապարհը։

Ես չմեռա 60 տարեկանում,
որովհետև նկատեցի՝ սարսափելի խորունկ է երկինքը
և ներքևից նայելը ավելի հարմար է,
քան այնտեղ լինելը նույնիսկ։

Միայն թե իմանաք դուք, իմ մտերիմներ,
թե որքան դժվար եմ հասել ձեզ և որքան դժվար եմ պաշտպանվել ձեզնից,
թե չէ՝ ինչպես կապրեի այսքան…


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]