Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի հարստացմանը վերաբերող հոդվածի մանրամասները


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հուլիսի մեկին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի հարստացմանը վերաբերող հոդվածը, որն իրավապահ մարմնին հնարավորություն կտա կոռուպցիոն դեպքերով գործեր հարուցելիս՝ օգտագործել նաև այս հոդվածը: Ընդամենն օրեր առաջ ուժի մեջ մտած այս իրավակարգավորման վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել  է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, ո՞ր դեպքում է պաշտոնատար անձը համարվելու ապօրինի հարստացած:

-Ապօրինի հարստացում կհամարվի պաշտոնատար անձի կողմից հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով: Բնականաբար, հարց կառաջանա, թե ո՞ր դեպքում կհամարվի, որ  գույքի ավելացումը և պարտավորությունների նվազումն «էականորեն են գերազանցել» օրինական եկամուտները: Նշեմ, որ էական կհամարվի հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը, այսինքն՝ 5 միլիոն դրամը:

-Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց է վերաբերում այս կարգավորումը:

- Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ընդ որում, ասեմ, որ հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ նաև մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն զգալիորեն ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը:

պօրինի հարստացման փաթեթի հետ մեկտեղ ընդունվեց նաև մեկ այլ օրենք, որը վերաբերում էր կանխիկ գործարքների սահմանափակմանը: Այդ կարգավորումը ինչի՞ն է ուղղված:

-Այո, ապօրինի հարստացման ինստիտուտը գործնականում կիրառելի դարձնելու համար անհրաժեշտ էին մի շարք պրակտիկ լուծումներ: Այդ լուծումներից մեկն էլ կանխիկ դրամով գործարք կատարելու սահմանափակումն էր: Այս կարգավորման  համաձայն՝  գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով կատարվող մի շարք գործարքներով, ինչպիսիք են, օրինակ, փոխառություն հանձնելը կամ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը և այլն, կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է սահմանված շեմը:

-Իսկ ո՞րն է տվյալ դեպքում սահմանված շեմը:

- 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

 



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ