Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում լեհական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության օրեր կանցկացվեն

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում լեհական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության օրեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու են ֆրանսիական, գերմանական, լեհական, բրազիլական, ռուսական լավագույն կինոնկարները: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Ներկայացվող ֆիլմերի մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի կազմակերպիչներն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

«Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել, քանի որ այդ երկրներն ունեն բարձր կինոարվեստ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եվրոպական կինոյին ու փորձում փառատոնի ընթացքում ցուցադրել նրանց լավագույն ժապավենները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` փառատոնի շրջանակում հուլիսի 13-ը գերմանական ֆիլմերի ցուցադրության օր է հայտարարվել: «Ներկայացվելու է Ֆաթիհ Աքինի «Անէությունից» կինոնկարը, որի գլխավոր դերակատար Դայան Կրուգերը արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին: Վիճակագրական տվյալների համաձայն` 2004 թվականից ի վեր «Ոսկե ծիրանի» ընթացքում 120 գերմանական ֆիլմ է ցուցադրվել: Կարծում եմ՝ մենք մեր ներդրումն ունեցել ենք փառատոնի զարգացման գործում»,-ասաց նա:

Փառատոնի տարբեր ծրագրերում վեց գերմանական ֆիլմեր են ներկայացված: Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներառված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ տարբեր տարիների փառատոնի շրջանակում ֆրանսիական հիանալի կինոժապավեններ են ցուցադրվել:

«Հատկապես կարևորում եմ  ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի` Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, քանի որ այս տարի լրանում է նրա հարյուրամյակը: Հուլիսի 12-ին կներկայացվի նրա «Կարմիր շրջան» կինոնկարը, որում խաղում են մեր կինոարվեստի պատկառելի ներկայացուցիչներ Ալեն Դելոնը, Իվ Մոնտանը»,-ընդգծեց Բորտոլանը:

Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրում այս տարի ներկայացված է 10 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կցուցադրվի Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ժապավենը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը ճանաչում է գտել ոչ միայն տարածաշրջանում, այլև` աշխարհում: «Մեզ  համար պատիվ է հայտնի ռեժիսոր  Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը ցուցադրելը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցյալ տարի հեռացավ կյանքից: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ փարաջանովյան «Թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար: Նրան հետմահու պարգևատրելով և «Մտապատկերներ» ֆիլմը ցուցադրելով` հարգանքի տուրք է մատուցվում ռեժիսորի հիշատակին»,-եզրափակեց Եղոյանը:

Փառատոնում կցուցադրվեն նաև բրազիլական արտադրության «Հավանայի կատուն» և «Արաբիա» կինոնկարները:

«Ոսկե ծիրան»-ը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին: Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]