Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սփյուռք» ամառային դպրոց -2017» ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է

«Սփյուռք» ամառային դպրոց -2017» ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի բացումը: Մասնակիցների թիվը՝ նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, ընդլայնվել է նաև մասնակից երկրների աշխարհագրությունը: Ծրագրի ղեկավարները չեն բավարարվելու միայն այս օրերի ընթացքում գիտելիքներ տալով, մշակված է նաև մեթոդ՝ նրանց հետ պահպանելու էլեկտրոնային կապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին կայացած ծրագրի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Երբ ստեղծում էինք այս ծրագիրը, մտավախություն ունեինք՝ արդյոք կկայանա՞: Սակայն այսօր՝ հինգերորդ հոբելյանական տարում, արդեն հպարտանում ենք, քանի որ մասնակիցների շրջանակը տարեցտարի մեծանում է: Մեզ համար անչափ կարևոր է հատկապես ուսուցիչների վերապատրաստումը: Պակաս կարևոր չէ նաև երիտասարդների մասնակցությունը, որոնք իրենց հետ պետք է բերեն հարյուրավոր այլ երիտասարների: Հայ երիտասարդներն աշխարհի որ ծայրում էլ լինեն, պետք է լինեն կրթված ու մրցունակ»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի ծրագրում կան գրանցված 330 մասնակից, նախորդ տարի նրանց թիվը 172 էր: Եթե նախորդ տարիներին մասնակցում էին 20-25 երկրից, ապա այս տարի՝ 35 երկրից, ընդ որում՝ նաև հեռավոր երկրներից՝ Բրազիլիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, պատերազմական վիճակում գտնվող երկրներից՝ Իրաքից, Սիրիայից: Առաջին անգամ կա նաև թուրքախոսների խումբ, որը արևմտահայերենի խմբի շրջանակում մասնակցելու է հայոց լեզվի ուսուցմանը: Ամենաշատը մասնակցում են հայերենի արագացված ուսուցմանը ՝ մոտ 170 մարդ, իսկ ամենափոքրը լրագրողների խումբն է՝ 20 հոգի:

«Նախորդ տարիների փորձից ելնելով՝ կատարել ենք նաև որոշակի փոփոխություններ, փորձում ենք ինտեգրել ոչ միայն վաստակաշատ դասախոսների, այլ նաև երիտասարդների, որոնք ոչ միայն դասախոս, այլ նաև ընկեր ու ուղեկցող կլինեն: Մենք նպատակ ունենք հասկանալու՝ ծրագիրն ինչ տվեց իրենց, արդյոք շարունակելու են գործունեությունը՝ օգտագործելով այստեղ ստացած հմտությունները: Կան օրինակներ, երբ տարբեր երկրներից եկել են ծրագրին մասնակցելու, ընտանիք են կազմել Հայաստանում, եղել են նաև այստեղ սովորելու եկողներ»,-ասաց Մհեր Հովհաննիսյանն ու հավելեց, որ նախատեսվում են նաև հանդիպումներ քաղաքական գործիչների հետ, այցելություններ մշակութային կենտրոններ:

Սվետլանա Սիմոնյանը եկել է Վրաստանից, ծրագրին առաջին անգամ է մասնակցում՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի շրջանակում: «Ես ԵՊՀ-ի շրջանավարտ եմ ու դեռ համալսարանում սովորելու տարիներից մտածում էի, որ եթե մի օր ես էլ աշխատեմ արտասահմանում, անպայման կմասնակցեմ: Ճանաչում եմ նաև դասախոսներին և համոզված եմ, որ օգուտ միանշանակ ստանալու եմ: Ծրագիրը շատ կարևոր է հատկապես այն մասնակիցների համար, որոնք առաջին անգամ են  Հայաստանում կամ հազվադեպ են գալիս: Այն կարևոր է ոչ միայն սովորելու առումով, այլ նաև Հայաստանը տեսնելու»,-ասաց նա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դասընթացներն իրականանալու են հինգ հիմնական ուղղություններով՝  հայոց  լեզվի արագացված ուսուցում, հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների, երիտասարդ լրագրողների վերապատրաստում, ազգային երգի խմբավարների վարպետության, երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ: «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացումը ԵՊՀ-ի համար առաջնակարգ նշանակություն ունի:  Մեր պրոֆեսորադասախոսական կազմը մեծ սիրով ու պատասխանատվությամբ է մոտենում այս գործին»,-եզրափակեց ռեկտորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]