Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ադրբեջանը վերջերս անցկացրել է զորավարժություն, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է:  Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: «Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- նշեց Հակոբյանը:

Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանությաննախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` չհաստատված զոհերի թիվը շատ ավելի մեծ է: «Չհաստատված ասելով՝ նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունը կատարվել է արդյունավետ և ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ: Մեր տվյալներով` 8 զոհից ոչ մեկը հուղարկավորված չէ: Ադրբեջանական մամուլում այդ ութ զոհերի մասին որևէ տեղեկություն չկա»,- ասաց նախարարը` հավելելով, որ հարկավոր է հաշվի առնել նման իրականությունը, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հունիսի 25-ին արցախա-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինվոր է մահացել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` մահացածը ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Բաբաև Օքթայ օղլուն է:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքում առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքին նվիրված նկարաշարը, որում պատկերված են Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդուինների միջավայրում ապրած հայերը: 

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին՝ Խորվաթիայի Հանրապետության Պետականության օրվա և անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: ԵԽԽՎ մյուս փոխնախագահ է ընտրվել Մոլդովան ներկայացնող Վալերիու Գիլեչին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնեադեմոկրատներ): Փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի սկզբում եւ պաշտոնավարում են մինչեւ հաջորդ նստաշրջանի բացումը:

Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ 2017 թվականի հունվար-ապրիլին արտահանվել է 134.5 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ արտահանման ծավալն աճել է 25.4 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի 97,6 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին: Հայաստանից Ռուսաստան հունվար-ապրիլին արտահանվել է 131.2 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.9 տոկոսով:

Հայաստան 2017 թվականի հունվար-մարտին ժամանել է 298 հազար 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 18.2%-ով: 2017 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 հազար 324 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.1 տոկոսով:

Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ  պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:Թուրքական իշխանությունները որոշել են հայ-թուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել է երկու երկրների գործարարների առավել հարմարավետ և շահավետ համագործակցության համար ստեղծել համատեղ օպերատիվ խումբ:Հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին նշեց, որ հուշագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների ընկերությունների համագործակցությանը: «Գործարար համաժողովին նախատեսվում են մոտ 300 երկկողմ հանդիպումներ: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցությանը և օրվա վերջում կունենանք արդյունավետ համաձայնություններ»,- ասաց նա։

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակացության «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար  տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ միջկառավարական, ինչպես նաև ՌԴ ՖՆ և ՀՀ ՖՆ համապատասխան համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունները: Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ-ին անհատույց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ 2017-2021 թթ. հայկական կողմին կցուցաբերվի սարքավորումների տեղադրման, մասնագետների վերապատրաստման աջակցություն:  

«ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադային ԵՊՀ-ն դասվել է աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքին: 2016 թվականին ԵՊՀ-ի ծրագրավորող երիտասարդների թիմը նվաճել էր «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ եզրափակիչ փուլում առաջատար համալսարաններ ներկայացնող 133 թիմերի շարքում գրանցել է 56-րդ արդյունքը:

Զբոսաշրջային  ՏուրՍտատ գործակալությունը կազմել է 2017-ի ամառային սեզոնի ԱՊՀ երկրներում և Վրաստանում բաց երկնքի տակ (Open air) կազմակերպվող ամենահայտնի երաժշտական փառատոնների վարկանիշը: ԱՊՀ տարածքում ռուս զբոսաշրջիկների մոտ հետաքրքություն են առաջացրել Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ադրբեջանում բաց երկնքի տակ կազմակերպվող երաժշտական փառատոնները: Առաջին հնգյակի մեջ են ներառվել GEM Fest-ը (Անակլիա), Rock for Bobrov (Մինսկ), «Տապ» (Բաքու), FourЭ (Ալմաթի) և Ծաղկաձորի EPIC Rock Fest Armenia փառատոնները:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում ընթացող դատական նիստի ժամանակ: Լապշինը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել է հարցերին: «Ես չեմ ընդունում իմ մեղքը. ես իրականացրել եմ զբոսաշրջային այցեր: Իմ բլոգում ես կիսվել եմ միայն զբոսաշրջային տպավորություններով, դրանք քաղաքական հրապարակումներ չեն եղել: Ես եղել եմ Ղարաբաղում երկու անգամ և որևէ շփում չեմ ունեցել տեղի պաշտոնատար անձանց հետ»,-ասել է Լապշինը, ում մեղադրյալի աթոռին են նստեցրել ԼՂ այցերի և Ադրբեջանի իշխանությունների դեմ հրապարակումների համար: 

Ռուսաստանի տրանսպորտի  նախարարության նախաձեռնությամբ «Аэрофлот» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով:Հունիսի 29-ին  «A. BABAJANYAN» գրությամբ «Боинг 777» օդանավը  ժամանել է ընկերության ինքնաթիռների կայան: Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի՝  Ռուսաստանի  տրանսպորտի նախարարին ուղղված դիմումի հիման վրա:

Ներհայաստանյան զարգացումներ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքները: Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ ընդունած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ գործադիրի ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում: Անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն՝  իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը ՀՅԴ-ի մեր գործընկերների հետասաց ՀՀ Նախագահը:

ՀՀ կառավարությունը տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգում է մինչ տարեվերջ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գործադիրի հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

«ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները»։,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին։

ՀՀ կառավարությունը զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արա Խզմալյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել  «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ: 

 Ի հիշատակ և որպես երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Գյումրի կատարած այցի,  այցից ուղիղ մեկ տարի անց  Գյումրիում բացվեց հիշատակի կոթող-հուշարձան: Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին բացվեց կոթողը, որն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի վրա  ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի  մատուցվել է  Սուրբ և Անմահ Պատարագը: Տեղադրված են նաև  բեմում դրված խաչքարը  և Սրբազան Պապի այցի մասին պատմող լուսանկարներ:

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով 2017 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր: Հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հունիսի 27-ին տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի գործով դատական վերջին նիստը: Արարատ Խանդոյանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ  չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երրորդ դատական նիստը: Մինչ դատական նիստի մեկնարկը քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի միջև: Ոստիկաններն ամբաստանյալներին հեռացրեցին դատական նիստերի դահլիճից: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչից հետո սկսվել է միջադեպը։  Պաշտպանների մի մասը ներկա չի գտնվել նիստերի դահլիճում, քանզի հրաժարվել են դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվել՝ որակելով այն որպես խուզարկություն:  ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԶԼՄ-ներով տարածված որոշ հաղորդագրությունների, որոնց  համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հունիսի 26-ին  ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Հայտարարության մեջ նշված է. «Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է»:

Անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային  ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ դատարանի նկուղում ոստիկանների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պոետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան: Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

Սփյուռք

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում: Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն Ազնավուրին պարգևատրել է քաղաքի 11-րդ և 12-րդ շրջանների մեդալով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մարսելի փոխքաղաքապետեր Դիդյե Փարաքյանը և Ռիչարդ Ֆինդիկյանը: Ազնավուրը նշել է, որ շարունակելու է համերգները և նախատեսում է 2017 թվականի դեկտեմբերին համերգով հանդես գալ Բերսիում, որը Փարիզի ամենամեծ համերգասրահն է: Հայազգի շանսոնյեն հաստատել է Հայաստանում իր տուն-թանգարանի նախագծի շուրջ գործունեությունը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Հոգևոր խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով: Պոլսո Հայոց պատրիարքարանում եկեղեցական ընդհանուր ժողովի կողմից կայացված որոշումն այն մասին, որ դադարեցվում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ամենակարճ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետարանի միջոցով կփոխանցվի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս մասին հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է փաստաբան Սեպուհ Ասլանգիլը: «Ներքին գործերի նախարարությունն այսուհետ կգործի համաձայն կայացված որոշման: Այսինքն, երբ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ զարգացում լինի, պետությունն ուղղակիորեն գրագրության մեջ կլինի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Պատրիարքարանն արդեն ներկայացնում է տեղապահը»,- ասել է Ասլանգիլը։

Միջազգային խճանկար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: ԵԽԽՎ լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: 

Իրաքի բանակն ավարտել Է Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը: 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա կիբեռհարձակման ընթացքում: Դա հնարավոր Է դարձել չափազանց պարզ նշանաբառերի պատճառով, որոնք չեն համապատասխանել խորհրդարանի համակարգչային ծառայության հանձնարարականներին:

Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: Հրապարակվել է ալ-Բաղդադիի մարմնի երկու լուսանկար: Ավելի վաղ մի քանի տեղեկատվական աղբյուրներ հաստատել են ալ-Բաղդադիի մահը՝ վկայակոչելով Իրանի հոգևոր և Զինված ուժերի առաջնորդ Ալի Հոմենիի ներկայացուցիչ Ալի Շիրազիին: Հունիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի վերջին Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում, նախնական տեղեկություններով, ոչնչացվել է ԻՊ առաջնորդը և 300 գրոհային:   

Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել Է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» Է ընթանում։ «ԵՄ-ն կորցնում Է իր կշիռը Բալկաններում: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը, ուժեղացնում են իրենց ազդեցությունը»,- նշել Է նա՝ «լուրջ անհանգստություն» հայտնելով իրադարձությունների նման զարգացման առնչությամբ:

Մշակույթ

Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ հունիսի 22-ից 26-ը Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես է եկել «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ: «Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացավ գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին»:

Սպորտ

Մալթայում ավարտված  աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):

Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Նա 9 հնարավորից հավաքեց 7 միավոր։ Նույնքան միավոր ունեին նաև Տիգրան Քոթանջյանը և բելառուս Անդրեյ Ժիգալկոն, սակայն վերջիններս զիջում էին լրացուցիչ միավորներով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Զուրաբյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Դորտմունդում ընթացող Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը պարտվել է առաջին գոտեմարտում ռուսաստանցի Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին: Վերջինս հասել է մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Զուրաբյանին պայքարել բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը նախ հաղթել է Վլադիսլավ Կոյկային (10:0), այնուհետև թուրք Էնգին Չեթինին (11:4) և նվաճել բրոնզե մեդալ: Գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդամին Դիբիռովին 4:0 հաշվով և դարձավ արծաթե մեդալակիր: 55 քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել բացարձակ հաղթանակ տոնելով Լեոնիդ Կոլեսնիկի նկատմամբ: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամ մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Կրասիմիր Կրումովին: 60 կգ քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Թեոդոր Հորատաուին:

ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4-րդն է: Նա առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը սեփական հարկի  տակ 1։0 հաղթեց «Սանտա-Կոլոմա»-ին։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ զիջեց Սլովենիայի «Գորիցա»-ին (0:2): Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը մրցեց սլովենական «Սլովան»-ի հետ և պարտվեց 1։4 հաշվով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ