Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետք է հասնենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզնից ակնկալում է. Կարեն Կարապետյան

Պետք է հասնենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզնից 
ակնկալում է. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 30-ին մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած   քաղաքականությանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ  զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը,  բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի  ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական:  «Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձևակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության և համագործակցության համար:  Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ և մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]