Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/67. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը ամենավաճառվածների ցանկում է


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղում է հայտնվել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:

Չորրորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Թարգմանել է Նազելի Կարապետյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» այս շաբաթ հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս անգամ վեցերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» բարելավել է իր դիրքերը և յոթերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը զիջել է իր դիրքերը ութերորդն է: Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»: Թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Մեր աղյուսակում նոր գիրք է ընդգրկվել: Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը իններորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր ցավալիորեն հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Տեղ փոխ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 52
2 +1 Մարկ Արեն, «Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 42
3 * Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» Էդիթ Պրինտ 33
4 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 32
5 +1 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» DirectMEDIA 21
6 -2 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 12
7 +2 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 8
8 -1 Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 7
9 Նոր Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» հեղ. հրատ. 7
10 * Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» Անտարես 6


Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ