Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքն արժևորում է Արցախյան պատերազմում առաջին գիծը նկարահանած տղաների վավերագրությունը

«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքն արժևորում է Արցախյան պատերազմում 
առաջին գիծը նկարահանած տղաների վավերագրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը կնպաստի Արցախյան պատերազմի և մեր հերոսականության մեկ անգամ ևս արժևորմանը: Այն նաև ի հայտ է բերում առաջին գծում նկարահանումներ կատարած 34 տղաների ազգանվեր գործը: Գիրքը նվիրված է ՀՀ անկախության և զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Զետեղված են հարցազրույցներ 34 անձանց հետ, ովքեր 1991-1994 թթ. եղել են ճակատում և վավերացրել Արցախյան պատերազմի տարեգրությունը: Ներառված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նկարահանումների ընտրանին՝ երկու սկավառակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ գրքի շնորհանդեսը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Սա սովորական գիրք չէ, այլ պատմություն է, որը պետք է փոխանցվի մեր սերունդներին: Վավերագրողներն իրենց կյանքը վտանգելու, զոհաբերելու գնով վավերացրել և պատմություն են դարձրել այն, ինչ բարբարոսաբար կատարվել էր: Վավերագրողների աշխատանքն էլ վավերացրեցին Անահիտ Հարությունյանն ու Ռուզաննա Բագրատունյանը: Երբ առաջարկեցին նման գիրք ստեղծել, գաղափարը թվաց անիրատեսական, քանի որ մտավախություն ունեինք, որ բոլորին չէինք կարող ներգրավել, բայց տարիներ շարունակ փորձեցինք ու գտանք գրեթե բոլորին»,-ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գիրքը կազմողներից Անահիտ Հարությունյանի խոսքով՝ «Պատերազմի վավերագրողները» խորագրով շարքը սկսել էին դեռ 2012-ից kinoashkharh.am-ում: Սակայն հարցումների արդյունքում հասկացել էին, որ ռազմաճակատի առաջին գծում նկարող տղաներին ոչ ոք չի ճանաչում, և նախաձեռնեցին ամբողջացնել և հրատարակել գիրքը: «Մի գրքում ներկայացրեցինք 34-ին: Ոմանց մասին այլ տղաների հետ զրուցելիս ենք իմացել, որոնց հետո գտել են Հայաստանից դուրս: Այնուամենայնիվ, ցանկն ամբողջական չէ, և, հավանաբար, կան նաև չընդգրկվածներ»,-ասաց Ռուզաննա Բագրատունյանն ու հույս հայտնեց,  որ հետագայում կընգրկվեն նոր անուններ, և գիրքը կվերահրատարակվի:

Ռոմիկ Խաչատրյանը գրքում ընդգրկված օպերատորներից է, ով կամավոր էր գնացել ռազմաճակատ՝ նկարահանումների: «Իմ նպատակն էր ներկայացնել ճակատն  ու ֆիլմ ունենալ դրա մասին: Այդ առիթով՝ իմ այդ շրջանի 5-6 ֆիլմերից մեկը կոչվում է հենց «Առաջին ճակատ»: Մենք այդ տարիներին ապահովում  էինք առաջին գծի լրատվությունը, միևնույն ժամանակ ստեղծում էինք վավերագրական ֆիլմեր»,-ասաց  նա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իր փոքր երազանքն է եղել պատերազմի բոլոր վավերագրողների աշխատանքը հավաքել մի տեղ: «Գիրքը կազմողները, Ազգային կինոկենտրոնը մեծ երազանք իրականացրեցին: Ինձ համար՝ որպես զինվորականի, չափազանց կարևոր, բարձր մի նշաձող սահմանեցին»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութերի հավաքմանն աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնը: Գիրքը հրատարակության են պատրաստել «Հոգևոր Հայաստան» մշակութային կազմակերպությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]