Կարեն Ասրյանի անվան շախմատային հուշամրցաշարը մոտենում է ավարտին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի կենտրոնական պարտիայում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Քոթանջյանի հետ: Վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Քոթանջյանը վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսանդր Զուբովը, Անդրեյ Ժիգալկոն և Լեո Լի Ցյանը իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր և կիսում են 3-8-րդ հորիզոնականները:
Կայանալիք վերջին տուրի կենտրոնական պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Հրանտ Մելքումյանի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանը՝ Սամվել Տեր-Սահակյանի:
Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում