Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարթեն Յորգանցի համար յուրաքանչյուր այցը Հայաստան «դոպինգ» է

Մարթեն Յորգանցի համար յուրաքանչյուր այցը Հայաստան «դոպինգ» է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսահայ երգիչ, երգահան Մարթեն Յորգանցն ու «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ և երգահան Եղիշե Պետրոսյանը համատեղ նոր մանկական նախագծեր և երգեր կներկայացնեն հանրությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յորգանցը կրկին Հայաստանում է, բայց այս անգամ ուղղակի որպես զբոսաշրջիկ և համերգ չի ունենալու։

«Շաբաթ օրը գիշերը ժամանել եմ Երևան։ Հաջորդ օրն արդեն Եղիշե Պետրոսյանը շատ գեղեցիկ վայրում հանդիպում կազմակերպեց փոքրիկների և նրանց ծնողների հետ, որն իմ ծննդյան օրվա առթիվ էր։ Շատ փոքրիկ համերգ տվեցինք, որի ժամանակ երգեցինք 29 տարի առաջվա երգերը, որ այսօրվա փոքրիկներն ամբողջությամբ գիտեին։ Շատ ուրախ էի, որ մինչև հիմա գիտեն և երգում են իմ երգերը»,- նշեց Յորգանցը։

Նա ասաց, որ ընկերոջ՝ Եղիշեի հետ նոր երգեր պետք է ձայնագրեն ու երեխաների համար նախագիծ են պատրաստվում իրականացնել։ Եղիշե Պետրոսյանը, խոսելով նախագծի մասին, հավելեց, որ նախագիծը կներառի մանկական, ուսուցողական և դաստիարակչական ծրագրեր, որոնք կզուգորդվեն Մարթեն Յորգանցի անմիջական մասնակցությամբ։

«Սա բավականին աշխատատար պրոցես է, բայց անպայման այն իր վերջնական տեսքին ենք բերելու։ Նշեմ, որ Մարթենն այն անձնավորությունն է, ով միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգների թվով և դահլիճում ունկնդիների քանակով այնպիսի ռեկորդ է սահմանել, որ դեռևս ոչ ոք այն չի գերազանցել՝ 86 համերգ»,- ասաց Պետրոսյանը։

Մարթենն էլ իր հերթին նշեց ընդհանուր Հայաստանում ունեցած իր համերգների քանակը՝ 140։ Եղիշեի պնդմամբ՝ սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը դեռ 29 տարի առաջ սիրել է Մարթենի անմիջականությունը, նրա ազնվությունը, հայրենասիրությունը և այդ սերը մինչ օրս էլ ամեն քայլափոխի նա վայելում է։ Ինչպես ինքն է ասում՝ Հայաստան գալով թթվածին է ստանում հետագա գործունեության համար, իսկ Պետրոսյանն ավելացնում է, որ հայրենիք այցն իր համար «դոպինգ» է։

«Վերջին անգամ հանգամանքների բերումով հինգ տարի առաջ է եղել այստեղ։ Հիմա մենք համերգ չենք նախատեսում, բայց առաջիկայում հնարավոր է։ Մարթենի գալու առաքելություններից մեկն այն է, որ մի քանի համատեղ նոր երգեր ձայնագրենք ու նոր նախագիծը վերջնական շտկենք և դրա «ճանապարհային քարտեզը» մշակենք»,- ընդգծեց Պետրոսյանը։ Նախագծի միջոցով նրանք ցանկություն և նպատակ ունեն երեխային գիտելիք փոխանցել, ինչ-որ արժեքներով դաստիարակել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]