Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցերեկային շոգ ժամերն անցկացնել պառկած

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցերեկային շոգ 
ժամերն անցկացնել պառկած

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային եղանակին գլուխ բարձրացնող աղիքային հիվանդությունները կանխարգելելու համար պետք է պահպանել ձեռքերի և շրջակա միջավայրի մաքրությունը, խուսափել դեկորատիվ լողավազաններից: Ջրազրկումից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել 2 լիտրից ոչ պակաս չգազավորված ջուր: Խորհուրդ է տրվում ժամը 12:00-16:00-ը խուսափել արևից, իսկ որոշակի խնդիրներ ունեցողներին՝ ամենաշոգ ժամերն անցկացնել պառկած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային  կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

«Շոգ եղանակին օրգանիզմը ջրազրկվում է, ինչն էլ հանգեցնում է առողջական խնդիրների՝ հատկապես սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցողների, ծերերի, հղիների համար: Ջրազրկման արդյունքն է լրացուցիչ հոգնածությունը, ավելորդ գրգռվածությունը: Դրա դեմ պայքարելու համար պետք է խմել 2 լիտրից ոչ պակաս չգազավորված ջուր: Բացի ջրից, կարելի է օգտագործել թան, որի միջոցով օրգանիզմը լրացնում է աղերի և սպիտակուցների կորուստը, նաև առանց շաքարի հյութեր»,-ասաց Նունե Բակունցը և հավելեց, որ ցուցված չէ շատ օգտագործել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ, քանի որ շաքարը խորացնում է ջրազրկումը: Թեև կոֆեինը մեր նյարդային համակարգի վրա կարճատև խթանող ազդեցություն ունի, սակայն այս պարագայում նյարդային համակարգի խթանումը բերում է հյուծման:

Նրա խոսքով՝ շոգ եղանակին պետք է հետևել նաև սննդակարգին՝ ուտել համեմատաբար զով ժամերին, հնարավորինս նվազեցնել յուղոտ ուտելիքները, օգտագործել բանջարեղեն, մրգեր: Սննդամթերքի ընտրության հարցում ևս պետք է ուշադիր լինել՝ սնունդ գնել միայն խանութներից, փողոցային առևտուրը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմանները: Տանը ևս պետք է ուշադիր լինել սննդի նկատմամբ: Հում և եփած սննդամթերքը պետք է պահել առանձին, չխառնել տարբեր սնունդների սպասքը, դրանք ենթարկել հիգիենիկ մշակման: Ցանկալի է կրել բաց գույնի թեթև կտորից զգեստներ: Դրսում կրել գլխարկ ու ակնոց՝ պաշտպանվելու ուլտրամանուշակագույն ճառագայթներից:  «15-20 րոպեի ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթումը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրանից ավելի դրսում գտնվելը կհանգեցնի բացասական հետևանքների, օրինակ, մաշկի այրվածքի, աչքի լորձաթաղանթի վնասման: Խորհուրդ է տրվում ժամը 12:00-16:00-ը խուսափել արևից, իսկ որոշակի խնդիրներ ունեցողներին տանից դուրս չգալ, ամենաշոգ ժամերն անցկացնել պառկած վիճակում, քանի որ այդ ժամանակ սիրտ-անոթային համակարգն ավելի հեշտ է աշխատում»,-ասաց Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ ամառային եղանակին գլուխ են բարձրացնում աղիքային վարակիչ հիվանդությունները, քանի որ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում, արագացնում է աղիքային վարակները: Դրանց կանխարգելման համար պետք է պահպանել ձեռքերի և շրջակա իրերի մաքրությունը: Ձեռքերը պետք է լվանալ հաճախ խմելու որակի մաքուր ջրով: «Աղիքային հիվանդությունները կանխելու համար կարևոր է նաև դեկորատիվ ջրավազաններից՝ շատրվաններից և բաց ջրամբարներից խուսափելը: Դրանք չեն պահպանում ջրի հիգիենիկ անվտանգությունը: Իսկ շոգ պայմաններում աշխատող մարդիկ պետք է կրեն պաշտպանական հագուստ, ժամանակ առ ժամանակ կատարեն կարճ ընդմիջում, շատ ջուր խմեն»,-եզրափակեց Նունե Բակունցը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]