Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը խոսել է Ադրբեջանի աշխատաշուկայում առկա վիճակի մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Նախարարի խոսքով` 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում զբաղվածության կենտրոններ աշխատանքի համար դիմել է 69250 մարդ, իսկ նախորդ տարվա դիտարկվող ժամանակաշրջանում այդ թիվը եղել է 141651 մարդ:

«Այսինքն աշխատանքի համար այդ կենտրոններ դիմող քաղաքացիների թվաքանակը նվազել է 2,2 անգամ, բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 30 հազար մարդ»,- նշել է նախարարը:

Եթե ադրբեջանցի նախարարի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ երկրում տնտեսական ճգնաժամը, արդյունաբերական անկումը, առևտրաշրջանառության անկումը հաղթահարված են և տնտեսական խնդիրները լուծված,  բոլորն աշխատանք ունեն, գործատուները ժամանակին վճարում են աշխատավարձերը, երկրում ամեն ինչ գնում է իր հունով, սակայն դա այդպես չէ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված տվյալներն ու վիճակագրությունն ամենևին չեն արտացոլում ներկայումս երկրում առկա վիճակը, ինչը դրական կամ լավ չի կարող գնահատվել:

Այս պահին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքը վերջին 5 ամիսների տվյալներով կազմում է 15710,5 մլն մանաթ, ինչը նշանակում է 5,5 տոկոս տարեկան անկում: Ադրբեջանում զգալիորեն կրճատվել են առևտրաշրջանառության ծավալները, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով կազմում է 2075,5 մանաթ, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Այս բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ երկրում արդյունաբերության, առևտրի, բիզնեսի և ֆինանսական և տնտեսության մյուս հատվածներում բացասական տեղաշարժը շարունակվում է:

Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ 30 հազար գործազուրկների աշխատանքի տեղավորվելու հանգամանքը չի նշանակում, որ աշխատաշուկայում առկա լարվածությունը նվազել է: Այդ մարդիկ աշխատում են հիմնականում շինարարության և այնպիսի ոլորտներում, որոնք մշտական և երկարաժամկետ աշխատանք չի կարելի համարել:

Ադրբեջանի իշխանությունները խստորեն հետևում են, որ փակված աշխատատեղերում, լուծարված հիմնարկություններում, դպրոցներում, բուհերում և այլ պետական հաստատություններում կատարված մասսայական կրճատումների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակվեն և այդպիսով փորձում են ժողովրդին կտրել իրականությունից և հրամցնել միայն այն, ինչ իրենք են ցանկանում և իրենց է պետք:

Պաշտոնական տվյալների համաձայն` Ադրբեջանում աշխատավարձով աշխատողների թիվը կազմում է 1510,4 հազար, որից 883 հազարը աշխատում է պետական, իսկ 627,4 հազարը մասնավոր հատվածում: Նույն տվյալների համաձայն երկրում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը գերազանցում է 4,9 մլն-ը:

 Այս թվերի համեմատությունն արդեն իսկ ցույց է տալիս զբաղվածության ոլորտում խնդիրների առկայությունը:

Ադրբեջանի իշխանությունները գործազուրկ չեն համարում նաև գյուղացիներին, ովքեր ունեն հողեր, չնայած այն հանգամանքին որ նրանք կարող են այդ հողերից ընդհանրապես եկամուտ չստանալ: Այսպիսի մարդկանց թիվն Ադրբեջանում հասնում է 700 հազար մարդու և նրանց նույնիսկ գործազուրկի կարգավիճակ չի տրվում:

Ադրբեջանցի փորձագետ Ջաֆարլիի խոսքով` եթե կառավարությունը երկրում գործազրկության մակարդակը հաշվի համընդհանուր ցուցանիշներով և օրենքներով, ապա գործազուրկների վերաբերյալ կառավարութան ներկայացրած թվերը մի քանի անգամ կաճեն:

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի կառավարության կողմից կատարվող նմանօրինակ հաշվարկները խանգարում են նաև աշխատաշուկայում իրական իրավիճակի գնահատումանը, ինչը հանգեցնում է խնդիրների վերաբերյալ ոչ էֆեկտիվ որոշումների և լուծումների:

Իշխանությունների կողմից կեղծ հաշվարկների և տվյալների ներկայացումը նպատակ է հետապնդում մեղմելու հասարակության շրջանում առաջացած լարվածությունը, տարբեր մեխանիզմներով զսպելու բնակչության շրջանում ճշգրիտ ինֆորմացիայի տարածումը, ինչը կհանգեցնի էլ ավելի դժգոհության իշխանությունների և ալիևյան ընտանիքի նկատմամբ, որն անարդյունավետ կառավարմամբ երկիրը տանում է դեպի խորացող ճգնաժամ:

Գործազրկության ցուցանիշների ճշգրիտ արտացոլմանը խանգարում է մի կարևոր հանգամանք ևս. Ադրբեջանի բնակչությունը, մշտապես խաբվելով սեփական իշխանությունների կողմից, այլևս չի վստահում պետական կառույցներին և շատ հաճախ չի դիմում զբաղվածության կենտրոնների օգնությանը:

«Թրանսփարենսի Ադրբեջան» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` զբաղվածության կենտրոններ աշխատանք գտնելու համար դիմում է գործազուրկների միայն 17,3 տոկոսը, իսկ մնացած հատվածը փորձում է խնդիրը լուծել իր և մտերիմների միջոցով:

«Թրանսփարենսի Ադրբեջան» հկ-ի իրավաբան Այթեն Ալիզամանլիի խոսքով` գործազրկության ծավալների ճշգրիտ հաշվմման համար անհրաժեշտ է գործազուրկների գրանցման համար ստեղծել էլեկտրոնային համակարգ և տվյալների բազա, ինչը չի արվում, քանի որ չի համապատասխանում ադրբեջանական ղեկավարության որդեգրած՝ ամեն ինչ կոծկելու  քաղաքականությանը:

Արեն Պետունց

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]