Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը. Արմեն Աշոտյան

Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, 
քան Շոտլանդիայի ժողովուրդը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դեսպանի հետ իր առաջին հանդիպումը դրական խթան կհանդիսանա խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում:

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության արդյունավետության բարձրացման համար առկա հնարավորությունները եւ հույս հայտնել, որ այն առաջիկայում կլինի առավել սերտ եւ նպատակային: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական հարթակներում կառուցողական համագործակցությունը:

Իր հերթին դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում առավել արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանը՝ կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը: Ընդգծվել են նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների կատարելագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրեքսիթի գործընթացին եւ նշել, որ ցանկացած պարագայում Հայաստանը Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես եվրոպական արժեհամակարգի կրող երկիր եւ պատրաստ է հետագա երկկողմ ակտիվ համագործակցության: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Կարեւորվել է Բրյուսելի գագաթաժողովում Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին: Կարեւորվել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ  եւ հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանը եւ անելիքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]