Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

«Հանգել եմ այն սահմանին, որից այն կողմ բանասիրությունն ու պատմությունը միանում են իրար». Արծրունի Սահակյան


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնեության պետականացումը Մեծ Հայքում և Ագաթանգեղոսի խնդիրը» թեմայով զեկուցմամբ առաջին անգամ քրիստոնեության պետականացումը դիտարկվեց ժամանակի գիտությունների աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում՝ եկեղեցական դարձվածաբանական ավանդույթից անկախ: Զեկույցը Մատենադարանի վիրտուալ դահլիճում ներկայացրեց պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց հայտնի գիտնականի հետ:

- Պարոն Սահակյան, ինչպե՞ս ստացվեց, որ երկու գիտություններում էլ պաշտպանեցիք դոկտորական աստիճան:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով խորանում է պատմագիտության, բանասիրության մեջ, ի վերջո, հանգում է նրան, որ երկուսն էլ նույն ոլորտն են՝ հայագիտությունը: Երբ սկսում ես խորապես ուսումնասիրել հայագիտությունը, ինչ-որ փուլում վերանում են սահմանները՝ այն մշակութաբանությո՞ւն է, բանասիրությո՞ւն, թե՝ պատմություն: Հայագիտությունում ո՞վ կասի Մանուկ Աբեղյանը, Մառը, Մալխասյանը բանասերնե՞ր են, պատմաբաննե՞ր, թե ազգագրագետներ: Նրանք և՛ այս են, և՛ այն: Իրական հայագիտության բնույթն է այսպիսին:

-Այսինքն՝ դուք ընտրեցիք գիտության երկու ճյուղերն էլ, քանի որ, ըստ էության, դրանց միջև տարբերություն չկա՞ր:

- Ըստ էության՝ համալսարանական կրթությամբ ես ընտրել եմ բանասիրությունը, բայց խորանալով դրա մեջ, հանգել եմ այն սահմանին, որից այն կողմ բանասիրությունն ու պատմությունը միանում են իրար:

- Թեկուզ մի փոքր նախապատվություն չունե՞ք դրանց միջև:

- Այլևս չկա նախապատվություն, որովհետև սա իմ ուսումնասիրության մեթոդն է արդեն:

- Այնուամենայնիվ, դժվարություններն ավելի շատ ո՞ր ոլորտում են հանդիպում:

- Կախված է խնդրից. դժվարությունները ոչ թե ոլորտային են, այլ կախված են այն հարցից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել:

- Ներկայումս երկու բնագավառներից ո՞ր թեմաներն են Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում:

- Թեմաները, որոնք կթվարկեմ, վերաբերում են երկու բնագավառներին էլ: Դրանք են հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթի պատմությունը, հայ ժողովրդական քրիստոնեությունը (ոչ թե պաշտոնական քրիստոնեությունը), Մովսես Խորենացու բնագրի պատմության հիման վրա՝ նրա խմբագրական շերտերի դասակարգումը:

- Խոսեցիք Խորենացուց, նրա «Հայոց պատմության» որոշ դրվագների վերաբերյալ ձեր ուրույն գնահատականն ունեք: Եթե կարելի է, խոսենք նաև այս մասին:

-Աշխարհի գիտնականները Խորենացու հարցում, կարելի է ասել՝ երկփեղկված են: Կան Խորենացուն մերժողներ և նրան պաշտողներ: Ոմանք ասում են, որ ուշ ժամանակ ապրած հեղինակի աշխատությունը վերագրվել է 5-րդ դարին, ոմանք էլ ասում են, որ նա հարազատ է մնացել իր դարին և ապրել է հենց 5-րդ դարում: Կողմնորոշվելու համար ես հիմնավորապես զբաղվեցի այս խնդրով և ոչ ավանդական տեսակետներով ցույց տվեցի, որ նա իսկապես ապրել է 5-րդ դարում և Սահակ Բագրատունու պատվերով գրել է«Հայոց պատմությունը», բայց հետագայում այն խմբագրել են, ենթարկել միջամտությունների, ինչն էլ շփոթեցրել է գիտնականներին:

 -Այժմ ի՞նչ աշխատության ուղղությամբ եք աշխատում և ե՞րբ եք պատրաստվում լույս ընծայել:

- Հիմա հրապարակում եմ մի աշխատություն, որը կոչվում է «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ», դրանում զետեղված են երկու մենագրություն՝ մեկը նվիրված է միջնադարյան հեքիաթին, մյուսը՝ խաչքարի և ժողովրդական մշակույթի առնչություններին: Այս գրքով հիմք է դրվելու ժողովրդական միջնադարյան մշակույթին նվիրված մատենաշարին: Գիրքը կհրատարակվի առաջիկա մեկ ամսում:

- Իսկ ի՞նչ խնդիրներ կան, որոնք հուզում են Ձեզ, և նախատեսում եք աշխատել այդ ուղղությամբ ապագայում:

- Այնպիսի խնդիրներ կան, որոնց լուծման շուրջ ձևավորվել է ողջ հայ բանասիրությունը: Այդպիսին է Ագաթանգեղոսի խնդիրը: Աղբյուրի գնահատումը ճշտելուց հետո պետք է նորովի փնտրել ու գտնել քրիստոնեության պետականացման պատճառները, դրա միջազգային դերն ու արձագանքը: Խնդիր են նաև Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի, սրբացման վերաբերյալ մի քանի հարցեր:

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ