Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թթի օղու պատրաստում, սյունյաց ուտեստների համտես. Հուլիսի 1-ին անցկացվելու է Թթի փառատոնը

Թթի օղու պատրաստում, սյունյաց ուտեստների համտես. Հուլիսի 1-ին անցկացվելու է 
Թթի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորիս համայնքը կմեկտեղի թթի սիրահարներին: Հուլիսի 1-ին անցկացվելուէ Թթի փառատոնը: Այս տարի ծրագրում որոշ փոփոխություններ կան: Փառատոնի կազմակերպիչ «Արենի փառատոն» հինադրամի տնօրեն Նունե Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի փառատոնն անցկացվելու է Քարահունջում, որը Սյունիքի մարզի բնակավայրերից է:

«Այս տարի ծրագիրը Գորիս քաղաքից տեղափոխվել է Քարահունջ: Ինչպես գիտեք, համայնքների խոշորացում է տեղի ունեցել, Քարահունջն այժմ մտնում է Գորիսի խոշորացված համայնքի մեջ: Այնտեղ կան հրաշալի բարենպաստ պայմաններ փառատոնն անցկացնելու համար: Քարահունջում բազմաթիվ թթի ծառեր կան, այնտեղ հնարավորություն կունենանք բոլորով թութ թափ տալ, համտեսել»,-ասաց Նունե Մանուկյանը:

Այցելուներին սպասվում է հետաքրքիր տոնակատարություն: Փառատոնի հյուրերն ականատես կլինեն թթի օղու թորման արարողություն, իսկ ցանկության դեպքում տեղում կվայելեն խմիչքը, կզգան քաղցրահամ թթի բույրն ու համը: Փառատոնի ընթացքում լինելու է թթի դոշաբի, մուրաբայի, չրերի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստների համտես-վաճառք:

Փառատոնն ուղեկցվելու է մշակութային միջոցառումներով, Երևանից հյուր կլինի «Մասունք» ազգագրական երգի ու պարի համույթը, ելույթ կունենան նաև տարածաշրջանի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Սյունեցի արվեստագետների և կանանց ձեռագործ աշխատանքները կսպասեն գնորդներին: Մասնակիցներ են սպասվում Արցախից: Փառատոնի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքիր պահեր:

Փառատոնը նպատակ ունի խթանելու մարզում զբոսաշրջության զարգացմանը: Նունե Մանուկյանը նշեց, որ թեպետ փառատոնն արդեն 4-րդ անգամ է անցկացվում, միևնույն է դեռ ժամանակ է պետք, որ տեղի բնակիչներն արդյունքներն իրենց վրա զգան:

«Ցավոք, այնպես է ստացվել, որ վերջին շրջանում ամեն տարի փառատոնը տարբեր օրեր էինք անցկացնում, և դա, իսկապես, խանգարում է փառատոնի զարգացմանը: Նման մոտեցումը հիմնադրամի քաղաքականության մեջ չի մտնում: Որոշել ենք, որ այսուհետ Թթի փառատոնն անցկացվելու է հուլիսի առաջին շաբաթ օրը: Այն ֆիքսվում է և չի փոխվելու» ,-ասաց Նունե Մանուկյանը:

Նա նշեց, որ այդ դեպքում զբոսաշրջային կազմակերպությունները փառատոնը կարող են ներառել իրենց փաթեթներում: Նունե Մանուկյանը նկատեց, որ թեպետ Թթի փառատոնը դեռ ճանաչելիության խնդիր ունի, սակայն արդեն կան տուրիստական ընկերություններ, որոնք Թթի փառատոնի մասնակցության առաջարկներ են ներկայացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]