Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Սպասվող լրահոս. 26.06.2017


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ազգային ժողովում մեկնարկում են մշտական հանձնաժողովների նիստերը: Այսօր՝ հունիսի 26-ին, կներկայացվի բյուջեի հաշվետվությունը՝ կապված հարկային եւ մաքսային ծրագրերի հետ: Հաշվետվություն կներկայացնի նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը: Պատգամավորները կքննարկեն նաև Վերահսկիչ պալատի եզրակացությունը:

2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով այսօր կանցկացվի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը:

Վերջերս Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի ԱԺ-ն համատեղ որոշում են կայացրել «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին։ Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում,Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ,ծրագրվում է անցկացնել «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի նիստ`իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ: «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներա- լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կմեկնարկի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 2-րդ փուլը: «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլն իրականացվում է հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակցում է 109սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Յուրաքանչյուր տարի հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, անցկացվում եմ բազմաթիվ միջոցառումներ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրելու խնդրի վրա: Երևանում այսօր կանցկացվի համաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան: Ներկա կլինեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Ընդդեմ իրավական կամայականության»ՀԿ գործադիր տնօրեն, Լարիսա Ալավերդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Այսօր նաև Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել թմրամիջոցների միջազգային խնդրի վրա, ակտիվացնել նրանց գործողությունները և համագործակցությունը՝ թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար: Օրվա առթիվ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական բաժնի պետ Հասմիկ Մարտիրոսյանը և ԱՊԵԿ (APEC) ՀԿ-ի վնասի նվազեցման ծրագրի ղեկավար Վահե Բաբախանյանը կներկայացնեն մանրամասներ Հայաստանում թմրամոլության միտումների մասին:

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն»խորագրով հանրապետական գիտաժողովը: Ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

ԵՊՀ ուսանողները մասնակցել են «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակից ուսանողները, և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը,նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը կներկայացնեն ԵՊՀ-ի ծրագրավորման թիմի հաջողություններն ու առաջիկա անելիքները:

Երևանում ընթերցասեր հասարակությանը կներկայացվի «Անապատի տխուր մեղեդին.պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագիրքը:Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է ցեղասպանությունից փրկված և անապատի բեդուինների միջավայրում ապրած հայերին: Դեր-Զորին նվիրված նկարաշարն ամբողջությամբ ներկայացվում է առաջին անգամ, որը հավաքագրել և հրատարակության է պատրաստել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ