Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայ և շվեդ հայրիկներ» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հոր դերը երեխաների դաստիարակության գործում

«Հայ և շվեդ հայրիկներ» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հոր դերը երեխաների 
դաստիարակության գործում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսի նպատակն է պատկերել հոր՝ ոչ միայն ապրուստ ապահովողի ավանդական կերպարը, այլ նաև ներկայացնել երեխաների հանդեպ ունեցած իրենց խնամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կայացավ ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկա էին Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը և «Հայ հայրիկներ» նախագծի նախաձեռնող Րաֆֆի Նիզիբիլյանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ուշադիր դիտի այս լուսանկարները, քանի որ սրանք ավելի խոր իմաստ ունեն: Մեր թեման հայրությունն է: Մենք խնդիրներ ունենք շատ երկրներում, այդ թվում նաև եվրոպական երկրներում ու Հայաստանում: Շատ մայրեր ունենում են մեկ երեխա, որպեսզի իրենց կարիերան չտուժի:  Կարծում եմ, որ հայրիկները և մայրիկները ոչ թե պետք է ընտրեն, այլ երկուսն էլ պետք է ստանձնեն իրենց ծնողական իրավունքներն ու հետևեն նաև իրենց կարիերային: Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաև հոր պատասխանատվությունն է: Շվեդ լուսանկարիչ Յուհան Բեվմանը, ով կատարել է այս լուսանկարները, գտնվել է ծնողական արձակուրդում և կազմակերպել է այս ցուցահանդեսը»,-ասաց  Մարտին Ֆրեդրիկսոնը և նշեց, որ նկարում պատկերված տղամարդկանցից ոչ մեկի կարիերան չի տուժել, նրանք կարողացել են զբաղվել երեխաների խնամքով և միաժամանակ աշխատել:

Նրա խոսքով՝ Շվեդիայում կա օրենք. երեխայի ծնվելուց հետո ծնողները ստանում են 480 օր վճարովի արձակուրդ, որից կարող են օգտվել երկու ծնողներն էլ: Երեխայի ծնունդն էլ չպետք է վատացնի նրանց տնտեսական վիճակը: 

«Ես 4 երեխայի հայր լինելով՝ արդեն քանի տարի է բարձրաձայնում եմ այն թեման, որ հայրը պետք է կատարի իր պարտականությունները երեխային դաստիարակելու հարցում: Մենք չպետք է վերցնենք օտարների օրինակները, մենք ևս ունենք նման օրինակներ: Մտածեցինք, որ այս լուսանկարչական ցուցահանդեսով շատ բան կարելի է ասել: Ընտրեցինք հայրեր և լուսանկարեցինք»,-ասաց Րաֆֆի Նիզիբիլյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մետրոպոլիտենի կայարանում կազմակերպելու պատճառն այն է, որ հանրության մեծ մասը հաճախ է լինում այնտեղ, և լուսանկարներն ավելի մեծ ուշադրության կարժանանան:

Ցուցահանդեսում ներկայացված են երկու տարբեր ցուցադրություններ՝ «Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» խորագրով:  «Հայ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է  պրոդյուսեր, Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, չորս երեխաների հայր Րաֆֆի Նիզիբիլյանը: «Շվեդ հայրիկներ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են 25 շվեդ հայրիկներ, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել: «Շվեդ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է Շվեդական ինստիտուտը:  Ցուցահանդեսը ներկայացվել է տարբեր երկրներում: Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը լուսանկարել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը: Նախագծի համար ընտրվել են Երևանում բնակվող հայ հայրեր:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]