Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Ջենիֆեր Լոպես, Ջորջ Քլունի, Սերժ Թանկյան. աշխարհի հայտնիները կոչ են անում «պահել խոստումը»՝ հանուն Քորնելի երազանքի


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը, Ջոշ Բրոլինը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, երգիչը Ֆարել Ուիլիամսը նախաձեռնություն են սկսել, որի նպատակն է աջակցել երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելին՝ կատարելու իր երազանքն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն երգից ստացված ողջ հասույթը փոխանցելու փախստականներին ու երեխաներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, People.com-ը հրապարակել է հայտնի ասղտերի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ, որում նրանք հորդորում են միանալ և կատարել Քորնելի երազանքը: Տեսանյութում ներառված են նաև նախքան երաժշտի մահն արված տեսանյութեր Ջենիֆեր Լոպեսի, Ջորջ Քլունիի, Ռայան Գոսլինգի, Շերի և այլոց մասնակցությամբ:

«Իմ ընկեր Քրիս Քորնելը հանձն էր առել օգնել երեխաներին և փախստականներին»,- նշել է Բրոլինը:

«Քրիս Քորնելը որոշել էր «Խոստումը» ֆիլմի համանուն երգից ստացված ողջ հասույթը տրամադրել կարիքի մեջ գտնվող երեխաներին ու փախստականներին»,- ընդգծել է Թանկյանը

«Եկեք բոլորս օգնենք Քրիսին՝ կատարելով նրա ցանկությունը»,- ընդգծել է Թոմ Հենքսը:

Հայտնի երգիչ Ֆարել Ուիլիամսն էլ կոչ է արել հանուն Քրիս Քորնելի միանալ նախաձեռնությանը՝ համացանցում թողնելով #keepthepromise («պահիր խոստումը») հաշթագը:

Տեսանյութի վերջում խոսում է հենց երաժիշտը՝ ասելով. «Ես Քրիս Քորնելն եմ և ես խոստանում եմ պահել խոստումը՝ պայքարելու հանուն աշխարհի ամենախոցելի երեխաների»:

Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քրոնելի հեղինակած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքի պաշտոնական տեսահոլովակը հրապարակվել է երգչի YouTube-յան պաշտոնական էջում: Դրանում ներկայացված են հուզիչ տեսարաններ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող փախստականների վերաբերյալ: Տեսահոլովակի պատրաստման աշխատանքներում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության վերապրածների լուսանկարները՝ արված լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի կողմից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ում կազմակերպված տասնյակ հազարանոց երթից կադրեր:

Տեսահոլովակի վերջում նշվում է, որ «Խոստումը» երգից ստացված ողջ հասույթը երաժիշտը նվիրաբերում է երեխաների ու փախստականների աջակցմանը:

Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը 2017 թվականի մայիսի 17-ի գիշերը հանկարծամահ էր եղել կյանքի 52-րդ տարում:  Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի գիտարիստ ու երգահան:

Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար: Խոսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր. «Մենք պետք է տեղյակ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես մեկ դարյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ