Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն և Թուրքիան. պաշտոնական Անկարան մտավախություններ ունի

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն և Թուրքիան. պաշտոնական Անկարան մտավախություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը սեպտեմբերին պատրաստվում է գնալ պատմական հանրաքվեի, որի նպատակն է դուրս գալ Իրաքի կազմից և անկախություն հռչակել: Պաշտոնական Անկարան, սակայն, չի շտապում ողջունել Իրաքյան Քուրդիստանի նման որոշումը:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե նախատեսվում էր իրականացնել դեռևս 2014 թվականին, սակայն տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողմից ծավալվող գործողությունները շարունակ հետաձգում էին դրա կազմակերպումը: 2014 թվականին, երբ Իրաքում վարչապետ Նուրի ալ-Մալիքիին փոխարինեց Հայդեր ալ-Աբադին, քուրդ առաջնորդները համաձայնեցին միառժամանակ թողնել հանրաքվեն, մինչ Իրաքի կենտրոնական իշխանությունները կկենտրոնացնեին պայքարն ընդհանուր սպառնալիքի՝ ԻՊ-ի դեմ: Հետագայում՝ 2016 թվականին հարցազրույցներից մեկի ժամանակ քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարեց, որ հանրաքվեի անցկացումը կհետաձգվի, քանի դեռ Մոսուլ քաղաքն ազատագրված չէ: Արդեն 2017 թվականին, երբ Մոսուլի ազատագրման գործում իրաքյան ուժերը սկսեցին հաջողություններ գրանցել, քրդական ինքնավարության ղեկավարները հայտարարեցին այս տարվա ընթացքում հանրաքվեն կազմակերպելու մասին: Վերջնական հայտարարությամբ հանդես եկավ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին, ով  2017 թվականի հունիսի 7-ին մի շարք քրդական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարեց սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Հանրաքվեն ու դրա հետևանքները, բնականաբար, իրավիճակ էին փոխելու տարածաշրջանում, ուստի շատ երկրներ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս անմիջապես արձագանքեցին այս հայտարարությանը: Այդ երկրների շարքում էր նաև Թուրքիան:

Թուրքիայի ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մշտապես աչքի են ընկել նավթային պաշարներով հարուստ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ սերտ հարաբերություններով: Այս հարաբերությունները հատկապես կարևորվում էին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իրաքի քրդերը մշտապես դեմ են արտահայտվել Թուրքիայում գործող և այդ երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը, որը պայքարում է թուրքական պետությունում քրդական իրավունքների համար:

Այդուհանդերձ, Իրաքից անկախ քրդական պետության ստեղծումը կարող էր արթնացնել թուրքաբնակ քրդերի՝ Թուրքիայի ներսում ինքնավար միավոր կազմելու երազանքները: Ուստի պատահական չէ, որ հանրաքվեի մասին հայտարարելուց հետո բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ նման որոշումը սարսափելի սխալ է: «Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն այդ երկրի հանդեպ թուրքական քաղաքականության հիմնարար սկզբունքն է: Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պայմանն է»,- հայտնել էին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

ԱԳՆ հայտարարությունից հետո հանրաքվեի մասին խոսեց նաև Էրդողանը՝ նշելով, թե Հյուսիսային Իրաքի ղեկավարության հայտարարությունը խորապես վշտացրել է իրենց: Նա որոշումը որակեց որպես «սխալ» քայլ, որը «սպառնալիք է Իրաքի տարածքային ամբողջականությանը»:

Նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Պաշտոնական Անկարան, որը պատմականորեն մեծ հետաքրքրություն է ունեցել և այսօր էլ ունի Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի նկատմամբ, որը հարուստ է նավթի պաշարներով, հանրաքվեի շուրջ քննարկումների ժամանակ չշրջանցեց նաև այս հարցը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը խնդրի առնչությամբ ելույթներից մեկում հայտարարեց, որ անգամ անկախանալու պարագայում Քիրքուքը պետք է դուրս մնա Քուրդիստանի տարածքից: «Այն, ինչ իսկապես մտահոգել է մեզ, դա քուրդ առաջնորդների ցանկությունն է՝ գործընթացում ներառել նաև Քիրքուքը, որը, սակայն, համաձայն իրաքյան սահմանադրության, Իրաքի մաս է կազմում և չի մտնում քրդական ինքնավարության սահմանների մեջ»,- հայտարարել էր Քալընը:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ներկայացուցիչները, սակայն, հաստատակամ են անկախության հանրաքվե անցկացնելու հարցում: Քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին հայտարարել է, որ իր առաքելությունն է սեպտեմբերի 25-ի հանրաքվեից հետո անկախություն հայտարարել: «Ես իմ ողջ կյանքն ապրել եմ Քուրդիստանի անկախության համար»,- նշել է նա:

Բարզանիի գլխավոր խորհրդական Հեմին Հավրամին էլ օրերս հայտարարեց, որ հանրաքվե իրականացնելն իրենց օրինական իրավունքն է: «Սեպտեմբերի 25-ին հանրաքվե ենք իրականացնելու: Այս հարցում հետքայլ չենք կատարելու: Սա բնական ու օրինական իրավունք է: Մենք ապացուցել ենք, որ այս տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների անվտանգության համար սպառնալիք չենք հանդիսանում»,- ասել էր խորհրդականը: Նա ընդգծել էր, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան և մյուս երկրները կհասկանան, որ քրդերի ցանկություններն օրինական են:

Ու մինչ Թուրքիան և մյուս երկրները հորդորում են քուրդ առաջնորդներին հետ կանգնելու հանրաքվե անցկացնելու որոշումից, մի բան ակնհայտ է՝ գործընթացն արդեն սկսվել է, գործընթաց, որն ուժերի նոր հարաբերակցություն կստեղծի տարածաշրջանում՝ փոխելով աշխարհի քաղաքական քարտեզն ու պատճառ դառնալով նոր զարգացումների:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]