Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում վճռական են պրոբացիոն ծառայության կայացման հարցում. Սուրեն Քրմոյանի հարցազրույցը

Հայաստանում վճռական են պրոբացիոն ծառայության կայացման հարցում. Սուրեն 
Քրմոյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման նպատակով արդարադատության նախարարությունը ձեռնարկում է մի շարք նշանակալի քայլեր: Պրոբացիայի պետական ծառայության ներդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, ինչո՞վ էր պայմանավորված պրոբացիայի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում:

-Զարգացած և զարգացող մի շարք երկրներում (որպես այլընտրանք) քրեական վերականգնողական արդարադատությունը ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը և նպաստում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության աճին:

Վերականգնողական արդարադատության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատժի նպատակներին կարելի է հասնել հանցագործությունների հետ կապված խնդիրները լուծելու և տուժողին պատճառված վնասը վերականգնելու միջոցով, այլ ոչ թե զուտ պատժողական մոտեցումներ ցուցաբերելով:

Ելնելով վերականգնողական արդարադատության սկզբունքներից՝ Պրոբացիայի պետական ծառայության ստեղծումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող միջոցներով պատժի նպատակներին հասնելն է:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պրոբացիայի պետական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

-Իսկ ինչպե՞ս ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:

-Պրոբացիայի պետական ծառայության ստեղծմանը նախորդել են հետևյալ քայլերը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 19 արձանագրային որոշումը: Որոշման հիման վրա մշակվել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվել է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 555-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում ստեղծվել է Պրոբացիայի պետական ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա: Ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի թիվ 742-Ն որոշմամբ:

- Ինչպիսի՞ խնդիրներ են դրված Պրոբացիայի պետական ծառայության առջև: Այդ խնդիրների լուծման նպատակով ի՞նչ լիազորություններ են վերապահվել ծառայությանը:

-Պրոբացիայի պետական ծառայության խնդիրներն են քրեական վարույթի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը և պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը: Այս խնդիրների լուծման նպատակով Պրոբացիայի պետական ծառայությունը գործառույթներ ունի մինչդատական, դատական, պատժի կատարման և հետպատժյա փուլերում:

Մինչդատական փուլում Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներն են այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, որն իրականացնելու է 2018 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը՝ միայն պրոբացիայի շահառուի համաձայնության դեպքում:

Դատական փուլում Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներն են այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հաշտարարության իրականացումը: Հարկ է նշել, որ նշյալ երկու գործառույթներն էլ իրականացվելու են 2018 թվականի հունվարի 1-ից:

Պատժի կատարման փուլում պրոբացիայի պետական ծառայության գործառույթներն են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, անվտանգության միջոցների կատարման ապահովումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, հաշտարարության իրականացումը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրում: Նշված գործառույթները, բացառությամբ վերահսկողության իրականացման, իրականացվելու են 2018 թվականի հունվարի 1-ից:

Հետպատժյա փուլում Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներն են վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը, հաշտարարության իրականացումը, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը: Հաշտարարության իրականացումը և դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրման գործառույթները նույնպես  իրականացվելու են 2018 թվականի հունվարի 1-ից:

Ծառայությանը վերապահված նշված գործառույթների իրացման արդյունքում կձեռնարկվեն վերջիններիս արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

- Նշեցիք, որ Պրոբացիայի պետական ծառայությունն իրականացնում է նաև էլեկտրոնային հսկողություն: Ի՞նչ է իրենից ներկայացնում հսկողության այդ տեսակը:

-Էլեկտրոնային հսկողության գաղափարը ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելն է:

Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է պրոբացիայի շահառուին ամրակցված կամ վերջինիս բնակության վայրում տեղադրված էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:

Հսկողության այս տեսակը կարող է կիրառվել քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն, կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց, կամ հետպատժյա փուլում: Հատկանշական է, որ այն կարող է կիրառվել ինչպես պետական բյուջեի, այնպես էլ անձի միջոցների հաշվին:

Գործնականում ամենահաճախ կիրառվող խափանման միջոցը կալանավորումն է: Էլեկտրոնային հսկողության ներդրման արդյունքում դատարանները ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ պաշտպանների միջնորդությամբ կարող են կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ էլեկտրոնային հսկողության միջոցների զուգակցմամբ: Էլեկտրոնային հսկողությունն ընդհանրապես, այս դեպքում՝ մասնավորապես, նպատակ է հետապնդում նպաստել իրավակիրառ պրակտիկայում կալանավորումների թվի կրճատմանը և ապահովել շահառուի պատշաճ վարքագիծը։

-Պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման նպատակով Արդարադատության նախարարությունը ինչպիսի՞ քայլեր է նախատեսում ձեռնարկել:

-Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման նպատակով նախատեսվող քայլերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ կարճաժամկետ քայլեր և երկարաժամկետ քայլեր: Կարճաժամկետ քայլերի շարքում կարելի է առանձնացնել Պրոբացիայի պետական ծառայության նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, պրոբացիայի ծառայողների կողմից իրենց վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման համար բավարար հմտությունների ձեռքբերման նպատակով վերապատրաստումների իրականացումը, պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ստեղծումը, փուլային սկզբունքով էլեկտրոնային հսկողության միջոցների գործարկումը, պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի փորձարկումը: Երկարաժամկետ քայլերից են պրոբացիայի շահառուների անձնական գործերի թվայնացումը և e-probation համակարգի ամբողջական գործարկումը, պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի կայացումը, էլեկտրոնային հսկողության միջոցների ամբողջական գործարկումը, պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի պարբերական վերանայումը: Նշվածները պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման գործում, թերևս, այն առանցքային ուղղություններն են, որոնցով տարվող աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]