Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բունդեսթագում քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը

Բունդեսթագում քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին Ինջիրլիքի 
ռազմաբազայից դուրս բերելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում հունիսի 21-ին քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Deustche Welle-ն հայտնում է, որ բոլոր կուսակցությունների խմբակցությունները նախքան քվեարկությունը կողմ են արտահայտվել զինվորներին Ինջիրլիքից Հորդանանի ռազմաբազա տեղափոխելու հարցին:

Իշխող կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) պաշտպանության քաղաքականության հարցերով մասնագետ Ռայներ Առնոլդը նախքան խորհրդարանական նիստը խոսել է և հայտնել, որ գերմանացի զինվորների տեղափոխումը Հորդանան հիանալի նախընտրություն կլինի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը  հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]