Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտուրոլոգը 21-րդ դարի կարևորագույն ձեռքբերում է համարում արհեստական բանականությունը

Ֆուտուրոլոգը 21-րդ դարի կարևորագույն ձեռքբերում է համարում արհեստական 
բանականությունը

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագայում տեխնոլոգիաների և մարդու սերտացումը ավելի ակտիվ է լինելու, ինչը կունենա թե բացասական , թե  դրական հետևանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ֆուտուրոլոգ (ապագայագետ), մարդկանց վարքի եւ կազմակերպությունների վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բոնին:

«Նոր տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքում և մեծ ազդեցություն կթողնեն ապագայում:  15-րդ դարում Գուտենբերգը, հորինելով տպագրությունը, կարողացել է փոխել մարդու մտքի փոխանակման տեսակը, քանզի մարդը հնարավորություն ունեցավ դրանից հետո հեշտությամբ մտքերը տպագրել: Ներկայումս աշխարհում ամեն ինչ թվայնացվում է, և մարդը մեկ մատի օգնությամբ կարող է գործարկել ցանկացած հավելված: Ձեզ պետք է մեքենա  պատվիրել` դրա համար անհրաժեշտ է ընդամենը հավելված»,- ընդգծեց Բոնին:

Ըստ ֆուտուրոլոգի` տեխնոլոգիաների և մարդու սերտացումը տարեցտարի ավելի է ընդգծվելու,  և ոչ բոլորն են պատրաստ այդ ամենին, ուստի անհրաժեշտություն կա կրթության մակարդակը բարձրացնել աշխարհում:

«Մենք պետք է շեշտը դնենք կրթության վրա և պատրաստենք մարդկանց, որ նրանք հասկանան, թե ինչ է կատարվում  և ինչպես կարելի է հարմարվել նոր տեխնոլոգիաներին: 1995 թվականին Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում գրել է գիրք , որտեղ նա նշել է, որ առավել հզոր զենքը աշխարհում կրթություն է »,- ասաց Բոնին

Ըստ նրա` եթե 20-րդ դարի մարդկության ամենաարժեքավոր ձեռքբերումը եղել է ատոմային զենքը, ապա 21-րդ դարի ձեռքբերումը կլինի արհեստական բանականությունը:

«Դուք իսկապե՞ս մտածում եք, որ աշխարհի որևէ երկրում չեն ձեռնարկի ստեղծել նման տեխնոլոգիա, իհարկե դա կլինի և ես վստահեմ դրանում: Եվ դա կլինի հիմնական մարտավարական նպատակը շատ պետությունների համար»,-ընդգծեց Բոնին:

Ֆուտուրոլոգի կարծիքով` 20 տարի հետո վերանալու են մի քանի տասնյակ մասնագիտություններ և միլիոնավոր մարդիկ կարող են գործազուրկ մնալ:

«Արդեն իսկ երեք պետություն անցում է կատարում ավտոմատացման տարբեր ոլորտներում ` Ճապոնիան, Գերմանիան և Հարավային Կորեան: Մեկ ռոբոտը փոխարինում է տասը մարդու, և  տեխնոլոգիաների զարգացումը կփոխի հասարակությունը: Հասարակությունն արդեն իսկ փոխվում է տեխնոլոգիաների ազդեցությունից և այդ փոփոխությունը ավելի ու ավելի է արագանալու: Սակայն երբ  տաքսու վարորդի կամ այլ մասնագիտության անհրաժեշտությունը վերանա, նոր սերնդի համար կառաջանան նոր մասնագիտություններ»,- նշեց վերլուծաբանը:

Ըստ Ժան-Քրիստոֆ Բոնիի` մարդը կօգտագործի տեխնոլոգիաների ողջ ներուժն՝ իր նպատակին հասնելու և կարիքները բավարարելու համար:

«Շատ հնարավոր է՝ 20 տարի հետո կլինեն մարդանման  ռոբոտներ, որոնց կարելի կլինի անել այն ,ինչը չի կարելի անել մարդու նկատմամբ: Հնարավոր է՝ գա ժամանակ, երբ մարդիկ կասեն, որ ռոբոտները ոչ մարդ են, ոչ կենդանի և նրանք չունեն որևէ իրավունքներ: Հնարավոր է, որ ստեղծվի հատուկ կազմակերպություն, որը կպաշտպանի ռոբոտների իրավունքները»,- ասաց Բոնին:

Գիտնականը մտահոգիչ է համարում աշխարհի անհամաչափ զարգացումը և կարծում է, որ պետք է բոլորին հնարավորություն ընձեռվի օգտվել նոր տեխնոլոգիաներից:

«Մենք իսկապես բաժանել ենք մարդկությունը երկու մասի` ովքեր ունեն գումար և ովքեր չունեն գումար, ինչպես նաև ովքեր ունեն տեղեկատվություն և չունեն այն: Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի մի շարք  երկրներում ամբողջությամբ ուրիշ խնդիրներ են` նրանք ունեն ջրի, լույսի խնդիր  և այդ մարդիկ ուղղակի գոյատևում են: Կարծում եմ՝ ապագայում մարդիկ կբաժանվեն երկու խմբերի` ովքեր ունեն տեխնոլոգիապես ավելի շատ ֆունկցիաներ և ովքեր չունեն: Ուստի, նոր տեխնոլոգիաներից օգտվելու և կրթվելու հնարավորություն պետք է տալ բոլորին»,- եզրափակեց Բոնին:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]