Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 21.06.2017


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` հունիսի 21-ին, կանցկացվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ կառավարության 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրն է: Կառավարությունը հունիսի 19-ին հավանություն է տվել ծրագրին: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից: Ի՞նչ կարևոր ուղերձ է պարունակում համանախագահների հայտարարությունը, ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը, և այնտեղ ի՞նչ ներքին խմորումներ են ծավալվում: Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները թեմայի վերաբերյալ:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստը:

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը կազմակերպում է «Մարդը և բնությունը՝ մեկ ընտանիք» կարգախոսով հանդիպում-քննարկում բնապահպանության ոլորտին նվիրված գրքերի հեղինակների մասնակցությամբ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպում է քննարկում՝ ամերիկյան ներդրումային ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ խնդիրների վերհանումն  ու դրանց լուծման ուղիների քննարկումն է: Ներկա կլինեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և այլք:

«Մայքրոսոֆթ»-ն ու և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կստորագրեն համագործակցության հուշագիր: «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Լիանա Կորկոտյանը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի ղեկավար Ժիրայր Էդիլյանը կներկայացնեն մանրամասներ համագործակցության մասին: Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը կրթության, երիտասարդների կարողությունների հզորացման, ինչպես նաև փախստականների ինտեգրման և զբաղվածության ոլորտներում:

Սիրահարների այգում տեղի կունենա Երաժշտության տոն: Ամեն տարի հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրը, Երաժշտության տոնը նշվում է ամբողջ Ֆրանսիայում և աշխարհի հարյուրավոր երկրներում: Այս տարի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանում կնշի այս տոնը՝ կազմակերպելով համերգների շարք:

Մոսկվայում գործող «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն լրագրողների հետ: Մոսկվայի «Արարատ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը, Մոսկվայի «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բույանովը, «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը կներկայացնեն ֆուտբոլի ակումբի առաջիկա անելիքները։ Նշենք, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի թիմը մասնակցում է Ռուսաստանի առաջնությանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ