Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սասունցի Դավիթ» էպոսն իր շարունակությունն է գտել Դավիթ Հովհաննեսի նեոդյուցազնապոեմում

«Սասունցի Դավիթ» էպոսն իր շարունակությունն է գտել Դավիթ Հովհաննեսի 
նեոդյուցազնապոեմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Պոեմը բանաստեղծի վերջին ստեղծագործությունն է, որը նա ավարտել էր մահվանից օրեր առաջ:

«Հայրս գիրքը գրել է 20 օրվա ընթացքում: Ապրիլյան քառօրյա պատերազմն իր ազդեցությունն ունեցավ վեպի ստեղծման վրա, և նա ըստ երևույթին եկավ այն եզրակացությանը, որ ճիշտ ժամանակն է Փոքր Մհերին դուրս հանել Ագռավու քարից, նրան բերել մեր ժամանակներ, ծանոթացնել Երևանին, Արցախին: Պետք է ընդգծեմ, որ իմ ներքին ձայնն ինձ հուշում է, որ մեր պատմության անիվը փոխվելու է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հեղինակի դուստր, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ գիրքը տպվել է 71 օրինակով, քանի որ Դավիթ Հովհաննեսն հենց այդ տարիքում է հեռացել կյանքից: «Հայրս շատ էր ցանկանում գիրքը տրամադրել ռազմական  կրթօջախներին: Մենք կանենք ամենը նրա ցանկությունն իրականացնելու համար»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Նեոդյուցազնապոեմում բանաստեղծը ցանկացել է շարունակություն ու կյանք տալ մեր ժողովրդական էպոսի եզրափակիչ՝ չորրորդ մասին: Նա պոեմում իրականացրել է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ հոր (Սասունցի Դավթի) կողմից անիծված ու անժառանգ, բայց նաև հավերժ անմահ Փոքր Մհերին դուրս է  բերել «Ագռավու քար» քարանձավից ու ներկայացրել մերօրյա կյանքը` նրան դարձնելով հայոց ժամանակակից գոյապայքարի զորեղ կերպար:

Բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանի խոսքով՝ Դավիթ Հովհաննեսը մեծ գրող էր, խոսքի վարպետ: «Նրա «Քրոնիկոն» գրքում հրաշալի բանաստեղծություններ են ընդգրկված, որոնցով Դավիթը շեշտակի բեկում մտցրեց հայ պոեզիայում՝ ցույց տալով, թե ինչքան խորք ունի հայոց լեզուն, որով ինքը պատկերում է հայի կյանքը: Վստահ եմ, որ նրա վեպը նույնպես բարձունքում կլինի»,-ասաց բանաստեղծը:

Բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Սահակյանն ընդգծեց, որ ինքը սիրով է կարդացել «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գիրքը և կարծում է, որ հեղինակը բառ առ բառ, պատկեր առ պատկեր, կերպար առ կերպար զուգադրել է պատկերները, և դա գրական մեծ գյուտ է:  «Դավիթ Հովհաննեսը  ոչ միայն հարգում, սիրում, իրենն էր համարում գրականությունը, այլև այդ դաշտում իրեն լիարժեք էր զգում, հակառակ դեպքում չէր անդրադառնա «Սասնա ծռեր»-ին»,-շեշտեց Սահակյանը:

Դավիթ Հովհաննեսը կապ է ստեղծել Սասնա հերոսի և մեր նորագույն հերոսամարտի միջև: Վեպում Արցախի ազատամարտում կռվում են բոլոր հայ սերունդները և միասին կերտում Հայստանի ապագան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]